Այսօր «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ երկրորդ համագումարում քննարկվեցին կազմակերպության գործունեության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր: Ներկայացվեցին եւ ընդունվեցին հիմնարար փաստաթղթերը, կազմակերպության հռչակագիրն ու ռազմավարությունը, նոր կանոնադրությունը եւ ներքին կանոնակարգը:
Կենտրոնը երիտասարդ վերլուծաբան մասնագետների միտքը վերլուծությունների տեսքով հանրայնացնում է ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարալեզու լսարանների համար:
ԵՎՀԿ արտաքին կապերի փոխնախագահ Արմինե Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Քանի որ մենք նպատակ ունենք նյութականացնել ինտելեկտուալ ներուժը, որ կա հասարակությունում եւ երիտասարդ մասնագետների միտքը փոխանցել, հիմնվում ենք մի քանի գաղափարների վրա, որոնց մեջ առաջնայինը հայաստանակենտրոնությունն է: Այսինքն, մենք առաջնորդվում ենք պետականության շահերով: Սա պետք չէ շփոթել իշխանության շահերի հետ: Մեր համոզմամբ հանրայինը եւ պետականը չպետք է հակասեն: Իսկ հակասության դեպքում մենք նախապատվությունը տալիս ենք պետական շահին, ինչը առաջնային է եւ շատ կարեւոր»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ