Լրահոս
Օրվա լրահոսը

Հունական ուտեստ` սմբուկով սագանակի

Սեպտեմբեր 03,2017 12:30

Հունաստանում «սագանակի» անունը կրում են բազմաթիվ ուտեստներ: Պանրով սագանակին կտրուկ տարբերվում է ծովախեցգետնով, միդիաներով, խխունջներով կամ տարբեր ձկնիկներով, ինչպես նաեւ` սմբուկով պատրաստված սագանակիներից: Վերջինների պատրաստման տեխնոլոգիան, ըստ էության, նույնն է` լոլիկի թանձրուկով եւ ֆետա պանրով համեմել համապատասխան մթերքը: Իսկ պանրով սագանակին դա հունական  պինդ պանիրներն են` տապակած եւ հունական «ուզո» խմիչքով` անիսոնի օղով ֆլամբե արված (այրած):

Այս բոլոր ուտեստներին միավորում է մի բան` նրանք մատուցվում են թավայով, որի մեջ պատրաստվել են: «Սագանակի» հենց փոքր թավա է նշանակում:

Այսօր առաջարկում եմ սմբուկով սագանակին` շատ արագ, շատ հեշտ եւ մատչելի ուտեստ, որը նաեւ շատ գունեղ է, հագեցնող ու շատ համեղ:

Անհրաժեշտ մթերքները

Սմբուկ- 4 հատ

Բուսայուղ- 1 բաժակ

Լեչո կամ լոլիկով որեւէ պատրաստի թանձրուկ- 1 միջին չափի տարա (մոտավոր 700-800 մլ)

Սոխ- 1 գլուխ

Սխտոր-3-4 պճեղ

Թարմ կանաչ պղպեղ- 1 հատ (ցանկալի է` կծու)

Ֆետա պանիր- 200 գրամ

 Պատրաստման եղանակը

Եթե չունեք լեչո կամ որեւէ այլ լոլիկի թանձրուկ, կարող եք այն պատրաստել նախապես. 8-10 լոլիկը լավ լվացեք, կեղեւազատեք, մանր կտրատեք եւ դրեք եփվելու մոտ 1-1,5 ժամ, ավելացրեք ձեր նախընտրած չորացրած կանաչիները` օրինակ` ռեհան, մաղադանոս, ուրց եւ այլն, աղ, պղպեղ, 1-2 պճեղ մանր կտրատած սխտոր: Կամ ավելի հեշտ տարբերակ` պատրաստի տոմատի մածուկը մի փոքր բացեք ջրով` 1 բաժակ մածուկին` կես բաժակից մի փոքր ավելի ջուր, համեմեք պղպեղով եւ չորացրած կանաչիներով:

Սմբուկները լավ լվացեք, կարող եք կեղեւահանել, կարող եք թողնել կեղեւով, կարող եք շերտ առ շերտ կեղեւահանել: Կտրատեք շրջանաձեւ եւ տապակեք բուսայուղի մեջ: Տապակած սմբուկները մի կողմ դրեք, նույն թավայի մեջ շատ ցածր կրակով տապակեք մանր կտրատած սոխը, սխտորը, ծիծակը: Ավելացրեք լոլիկի թանձրուկը, լավ խառնեք, ավելացրեք տապակած սմբուկները, կրկին խառնեք, թողեք 3-5 րոպե` համերը միախառնվեն, վրան փշրեք ֆետա պանիրը եւ մատուցեք: Անպայման հետը թարմ հաց մատուցեք` թանձրուկի համար:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930