Այսօր կհուղարկավորեն սեպտեմբերի 1-ին Ասկերանում ականապայթյունային մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանին։ Նա Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Գուսանագյուղ համայնքի բնակիչ է։
Գյուղապետ Վասակ Դարբինյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայկը 8 ամիս է՝ ծառայում էր, 5 ամիս ու կես Արտաշատում է եղել, այնուհետ տեղափոխվել Ասկերան։ Դժբախտ դեպքը տեղի է ունեցել մարտական ծառայության ժամանակ։ Հայկը եղել է կապավոր։ Ըստ գյուղապետի, մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ բարձրացել է բլուր, որից էլ պատահականորեն սայթաքել ու ընկել է ականապատ տարածք՝ տեղում մահանալով։ Ըստ գյուղապետի, երբ նա բլուր է բարձրացել, մարտական ընկերներից մեկը նախազգուշացրել է իջնել, քանի որ կարող է դառնալ թշնամու դիպուկահարի զոհ, նա էլ շրջադարձ է կատարել ներքև իջնելու, սայթաքել ու ընկել է մինապատ տարածքը։
Հայկը տան ավագ որդին էր, նա ունի երկու եղբայրներ, գյուղապետն ասում է, որ միջնեկ եղբայրը ձմռանը բանակ կգնա, իսկ փոքր եղբայրը դպրոցական է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ