Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Փասադինայի (ԱՄՆ) քաղաքապետ պրն. Թերրի Թորնեքի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը բարի գալուստ մաղթեց քաղաքապետին Սուրբ Էջմիածին։ Նորին Սրբությունը ողջունեց Վանաձորի ու Փասադինայի միջև 25 տարիներ առաջ ձևավորված սերտ կապերը և այսուհետ ևս արդյունավետ գործակցություն ցանկացավ քույր քաղաքներին։
Փասադինայի քաղաքապետը ևս ուրախություն հայտնեց հանդիպման առիթով, ապա խոսեց քաղաքի կյանքում հայ համայնքի կարևոր ներկայության և ներդրման մասին։ Կարևորելով Եկեղեցու առաքելությունը համայնքային կյանքում՝ տիար Թորնեքը տեղեկացրեց Վեհափառ Հայրապետին նաև քաղաքապետարանի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի միջև ձևավորված կապերի վերաբերյալ։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց պատմական ժառանգության պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ կրթական և սոցիալական ոլորտներում ծավալած գործունեությանը։ Խոսվեց նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի և Հայ Եկեղեցու խաղաղարար առաքելության մասին։
Հանդիպման ավարտին քաղաքապետ պրն. Թերրի Թորնեքը Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեց Մայր Տաճար, ծանոթացավ Ավանդատուն-թանգարանում պահվող հոգևոր և մշակութային արժեքներին։
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի