Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն-ն Արցախի հարցում նոր քայլ է սկսում. Արցախը պայմանագրեր է ստորագրելու այլ քաղաքների հետ

Սեպտեմբեր 02,2017 20:43

Այս պահին Եռաբլուրում դաշնակցականները «Ընկեր ջան, գինի լից», «Արեւն ելավ, զեյթունցիներ» երգերով, թմբուկներով տոնում են Արցախի հանրապետության հռչակման 26-ամյակը: ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն ասաց, որ այս օրը տոնական օր լինելով հանդերձ՝ պատմական քայլ էր, որը թվում էր, թե չէր բխում 1988-ի փետրվարին Արցախը Սովետական Հայաստանին վերամիավորելու պահանջով համաժողովրդական շարժման տրամաբանությունից. «Անհրաժեշտություն էր 91-ի սեպտեմբերի 2-ի որոշումը, որովհետեւ մի կողմից բավարարում էր Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանից անկախ ապրելու ձգտումը, մյուս կողմից այդ նպատակի իրականացումը դնում էր թե օրվա քաղաքական իրավիճակի փաստերի վրա, մյուս կողմից այդ կամքի դրսեւորումն իրականացնում էր Սովետական միության օրվան, օրենքների տառին ու ոգուն համապատասխան»:

Կիրո Մանոյանը նշեց, որ օգոստոսի 30-ին Սովետական Ադրբեջանի անկախության մասին հռչակագրով Ադրբեջանն իրեն հռչակում էր 18-20թթ գոյություն ունեցած Ադրբեջանի անկախ հանրապետության իրավաժառանգորդ, հրաժարվում էր սովետական ժառանգությունից. «Իրականում հրաժարվելով սովետական ժառանգությունից՝ Ադրբեջանը հրաժարվում էր նաեւ Լեռնային Ղարաբաղից ու Նախիջեւանից: Անառարկելի փաստ է, որ Արցախը երբեք մաս չի կազմել անկախ Ադրբեջանի ո՛չ Սովետական միությունից առաջ, ո՛չ էլ Սովետական միության փլուզումից հետո՝ ո՛չ իրավականորեն, ո՛չ էլ փաստացի»: Կիրո Մանոյանն ասաց, որ սեպտեմբերի 2-ի որոշումը մարտավարական տակտիկական քայլ էր. «Ինչպես Արցախում պիտի ասեին՝ Արցախի հանրապետության անկախության միջազգային ճանաչումը ՀՀ-ի հետ վերամիավորման ամենակարճ ճանապարհն է: Այս ճանապարհին անհրաժեշտ ենք համարում Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների միջեւ ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի ստորագրումը: Պայմանագիր, որ պատրաստվել է 2016-ի ապրիլյան քառօրյա կռիվներից հետո»:

Կիրո Մանոյանը հայտարարեց, որ արտաքին ճակատում նոր քայլեր են պատրաստվում իրականացնել. «Սկսում ենք նոր քայլեր: Ամերիկայի եւ Ավստրալիայի մի քանի նահանգների կողմից Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի ճանաչումին զուգահեռ սկսում ենք Արցախի եւ այլ երկրների քաղաքների միջեւ համագործակցության պայմանագրերի ստորագրություն: Անցած 26 տարիները եղել են պայքարի, մաքառումների, հերոսության ստեղծագործ կյանքի ու նվաճումների տարիներ: Այդ նվաճումները չէին լինի՝ առանց համահայկական միասնության: Այսօր կանգնած ենք անցած տարիների հաջողություններն ամրապնդելու նոր մարտահրավերներին դիմակայելու հրամայականի առջեւ: Դրանցից ամենակարեւորը Արցախի խնդրի կարգավորման հայանպաստ հանգուցալուծումն է եւ հանրապետության անվտանգության ապահովումը: Արցախյան հարցի կարգավորման որեւէ համաձայնություն պետք է ճանաչի Արցախի վերամիացումը Հայաստանին կամ առնվազն Արցախի անկախություն, Արցախի սահմանները ճշտելիս պետք է առաջնորդվել պատմական իրավունքի եւ Արցախի ու Հայաստանի անվտանգության իրական աշխարհագրական տարածքային երաշխիքների սկզբունքով: Բանակցային գործընթացում պետք է առաջնորդվել Արցախի ժողովրդի 91-ի անկախության եւ 2006 ու 2017-ի ԼՂՀ Սահմանադրության ընդունման եւ փոփոխությունների համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամարտահայտությամբ: ՀՅԴ-ն շարունակում է ԼՂՀ ճանաչման խնդրի հետապնդումը:

Բանակցային գործընթացը չի կարող արգելք հանդիսանալ Արցախի հանրապետության ճանաչման, պաշտպանում է Արցախի հանրապետությունը որպես լիիրավ բանակցային կողմ ներառելու պահանջ, հետամուտ է ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը՝ որպես ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխիքի»: Կիրո Մանոյանը շեշտեց, որ ՀՅԴ-ն դեմ է միակողմանի զիջումներին. «Փոխադարձ զիջումները կարող են լինել միայն համարժեք, միաժամանակյա եւ փաթեթային լուծման շրջանակներում, ՀՅԴ-ն պաշտպանում է ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման ակտի անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացի ձախողման կամ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Մի աղավաղեք մարդու ասածի իմաստը… Նա ասել է՝ …Արցախի եւ այլ երկրների քաղաքների միջեւ համագործակցության պայմանագրերի ստորագրություն… Փորձեք նրա ասածի ու Ձեր գրածի տարբերությունը տեսնել…

  2. Հռիփսիմե says:

    Հարգելի Արա Շահբազյան, մարդու ասածի իմաստը աղավաղված չէ: Կիրո Մանոյանի ասածի եւ մեր գրածի մեջ իմաստային տարբերություն չկա, իսկ նյութում բառացիորեն մեջբերված է նրա խոսքը, որեւէ անբարեխիղճ մոտեցում չկա, կա ձայնագրություն: Շնորհակալություն

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930