Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Երբ որ կտեսնեիք, թե ոնց են 4 զինվորներին մի կերպ հանում կրակի մեջից… պետք է ինչ-որ մեկը զոհվի՞, հա՞». Գագիկ Մանուչարյան

Սեպտեմբեր 02,2017 19:49

Խոսրովի անտառում երեկ նորից հրդեհ էր բռնկվել, այս անգամ՝ կայծակից: Այսօր «Նոյյան տապան» ակումբում Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանն ասաց, որ հրդեհից ոչ ոք ապահովագրված չէ, բնական պրոցես է. «Խոսրովի անտառը, որին բնութագրվել էր 5-րդ կարգի հրդեհ, իսկ աշխարհում ամենաբարձր կարգը 6-րդն է, մարվեց ընդամենը 3-4 օրվա ընթացքում, հետեւեք աշխարհի ԶԼՄ-ներին եւ կտեսնեք, թե 5-րդ կարգի հրդեհը քանի օրում է մարվում աշխարհի առաջատար երկրներում: Շատերն ասում են՝ ինչու ՌԴ-ից ինքնաթիռը ուշացավ, նախ հրդեհը նկատել են, փորձել են իրենց ուժերով անել՝ չի ստացվել:

Ամբողջ Խոսրովի տարածքում որեւէ կապ չի գործում, ոչ մի բջջային կապ, միակ կապի կետը այցելուների կենտրոնն է: Եթե մարդը նկատել է հրդեհը, պետք է այդքան տարածքը գա, հասնի այցելուների կենտրոն, որ կարողանա ահազանգ անի»: Լրագրողները հարցրեցին՝ հնարավոր չէ՞ր ինքնաթիռն ավելի շուտ հրավիրել, նախարարը տեղեկացված է եղել, ռիսկ չի՞ արել, չի՞ համարձակվել իր ռուս կոլեգային դիմել, եթե խնդիրը ձգձգվել է նրանից, որ վարչապետին ու նախագահին չի կարողացել կապվել ավելի շուտ՝ նրանց թույլտվության համար, չէ՞ որ դրա արդյունքում Խոսրովի անտառի պես անգնահատելի տարածք կորցրեցինք՝ Մանուչարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե երբ է կապ հաստատվել ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ, բայց նման դեպքում առանց հանրապետության ղեկավարությանը տեղյակ պահելու էթիկայի տեսակետից էլ ճիշտ չի արտասահմանյան որեւէ երկրից օգնություն պահանջել»:

Գագիկ Մանուչարյանն ասաց, որ ոչ ոք չէր պատկերացնում, որ քամու միջոցով հրդեհը այդքան մեծ տարածք կընդգրկի: Քննադատությանը, որ Հիդրոմետից քամու արագության վերաբերյալ ինչո՞ւ տեղեկացված չեն եղել, այսինքն, չեն տիրապետել իրավիճակին՝ Մանուչարյանը հորդորեց այդ հարցերը հղել ԱԻՆ-ին: Բնապահպանության նախարարության ներկայացուցիչն ընդունեց, որ տեխնիկապես հագեցած չեն եւ այդտեղ խնդիր կա, բայց չի ընդունում քննադատությունները նրանց կողմից, ովքեր Խոսրովի անտառի տեղն էլ չգիտեն, բայց խոսում են. «Այ, երբ դուք կրակի ժամանակ էնտեղ կլինեիք, երբ որ 50 մետրից կտեսնեիք, թե կրակը ոնց է վառում ու չգիտես՝ հանկարծ հաջորդ վայրկյանին քամին քո՞ ուղղությամբ կփչի, թե՞ չէ: Երբ որ դուք էնտեղ կլինեիք ու կտեսնեիք, թե ոնց են 4 զինվորներին մի կերպ հանում կրակի մեջից, պատահական քաղաքացու ոնց են հանում կրակի միջից, պարտադիր պետք է ինչ-որ մեկը զոհվի՞, հա՞»:

Գագիկ Մանուչարյանն ասաց, որ հրդեհը 1710 հա տարածք է ընդգրկել, տեղեկություններ կան, որ կաթնասուններ չեն տուժել, վերջնական մոնիտորինգ կարվի, երբ հրդեհի բոլոր օջախները վերջնականապես կմարվեն: «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն էլ ասաց, որ Հայաստանը պոչամբարների, ծանր մետաղների պատճառով մոլորակի վրա դառնում է խիստ վտանգավոր մի տարածք. «Մենք հիմա շտապ գործողությունների պլան պետք է մշակենք եւ իրականացնենք եւ Աստված տա, հասցնենք, քանի դեռ բնական աղետները չդժվարանան եւ ավելի չխորանան տեխնոգեն աղետներով, ինչպես տեղի է ունեցել՝ ջուրը եկել հասել է քիմիական գործարան, արդյունքում հերթով պայթյուններ են լինում, այնպես, ինչպես մենք ունեցանք Նաիրիտում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    4 հատ զինվորներ…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930