Առաջիկայում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեխնիկապես համալրվելու է նոր՝ ժամանակակից միջոցներով: Այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը:
Մասնավորապես, Շիրակի, Սյունիքի եւ Լոռու հրշեջ-փրկարարական ծառայությունները Ճապոնիայից ստանալու են 39 մեքենաներ, իսկ Հայ ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը կհամալրվի 16 միլիոն դոլարի տեխնիկական միջոցներով: «Մոտորանավակներն ու փրկարարական գործիքներն արդեն ստացվել են, իսկ 2018-20թթ. նախատեսվում է կենտրոնում ունենալ սակրավորական ռոբոտներ, առաջին օգնության փրկարարական մեքենաներ, ամենագնացներ, անօդաչու թռչող սարքեր»,-փոխանցեց Դավիթ Կարապետյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա հունվարից ՀՀ ԱԻՆ ստացվել է ինքնասպանության մասին 410 ահազանգ. «117-ը իրագործվել է, 275-ը՝ կանխվել, իսկ 18 դեպքում քաղաքացիները պարզապես սպառնացել են ինքնասպանություն գործել: ԱԻՆ մասնագետները մշտապես աշխատում են դեպքի վայրում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ