Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականը ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ Օլիմպավանում նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը: Տարվա գլխավոր ստուգատեսին մասնակցելու են այն ըմբիշները, որոնք լավ են հանդես եկել Եվրոպայի առաջնությունում եւ միջազգային մրցաշարերում:
Թիմի կազմում պատանիների աշխարհի առաջնությանը մասնակցելու են Հայկ Ասատրյանը (50 կգ քաշային կարգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Սարգիս Թադեւոսյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ):
«Ավելի մեծ ակնկալիքներ ունենք Հայկ Ասատրյանից, Շանթ Խաչատրյանից եւ Սարգիս Թադեւոսյանից: Նրանք ավելի փորձառու են, Եվրոպայի առաջնությունում դարձել են մեդալակիրներ: Բայց մյուս երկու ըմբիշներն էլ լավ հնարավորություններ ունեն»,- ասում է Գագիկ Խաչատրյանը:
Պատանեկան աշխարհի առաջնությունը կկայանա Աթենքում, սեպտեմբերի 4-10-ը: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 3-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի