Լրահոս
Օրվա լրահոսը

«Լաք-էթինոլի տարաների կողքին կան այլ վտանգավոր նյութերով տարաներ. հրշեջների շնորհիվ ենք աղետից փրկվել». փոխնախարար (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2017 11:54

«Նաիրիտ» գործարանում պահպանված արտադրական վտանգավոր նյութերն ու թափոնները պետք է ոչնչացվեն կամ հեռացվեն Հայաստանից: Այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը: «Հրդեհի հետեւանքով չէ, որ խնդրի մասին մտածում ենք, դեռեւս ամիսներ առաջ էր ստեղծվել աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում էր այդ նյութերի ոչնչացման հնարավորությունները: «Նաիրիտում» տարբեր վտանգավորության աստիճանի քիմիական բաղադրության նյութեր կան, որոնք պետք է ոչնչացվեն Հայաստանում, կամ ապահով ձեւով կոնսերվացվեն: Բոլոր տարբերակներն էլ ռիսկեր ունեն, նաեւ ֆինանսական միջոցներ են պետք: Օրեր առաջ ԵՄ-ի, ՄԱԿ-ի եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է եւ պայմանավորվածություն ձեռք բերել առ այն, որ միջազգային փորձագիտական խումբ գա ՀՀ եւ կազմի վտանգավոր նյութերի չեզոքացման ճանապարհային քարտեզ: Դրանից հետո կզբաղվենք ֆինանսական միջոցների հայթայթմամբ»,-հայտնեց Դավիթ Կարապետյանը:

Նա տեղեկացրեց, որ առաջիկա երկու ամսում միջազգային մասնագետները տալու են իրենց ուսումնասիրության արդյունքները. «25 տարի է՝ «Նաիրիտի» խնդիրը կա: Նախկինում տարբեր ծրագրեր են եղել գործարանը վերագործարկելու, իսկ այժմ այդ հեռանկարը մշուշոտ է»:

Փոխնախարարը նշեց, որ այժմ «Նաիրիտ»-ում հերթապահում են փրկարարները, անընդհատ հովացման աշխատանքներ կատարում, որ բռնկման վտանգ չլինի. «Իրականում շատ խոշոր աղետից խուսափեցինք՝ հրշեջների մասնագիտական աշխատանքի շնորհիվ: Լաք-էթինոլով լի տարաները, որոնք այրվում էին, դրանց կողքին կային այլ վտանգավոր նյութերով փակ տարաներ, եւ ջերմաստիճանի բարձրացման դեպքում աղետալի իրավիճակ կլիներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930