Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցագործություն, բայց ոստիկանության մասին. «Ազգ»

Սեպտեմբեր 02,2017 10:59

Պարզվեց, որ ամեն մեկի հայրենիք գալով պետք չէ ուրախանալ: Օրինակ` այն տղան, որն անցած օրերին Էրեբունի շրջանում գործող բիլիարդանոցներից մեկում պատանդ էր վերցրել մի աղջկա, նրա պարանոցին դանակ դեմ տվել ու պահանջում էր, որպեսզի ոստիկանները բիլիարդանոց ներս թողնեն մի փաստաբանի եւ 5 քաղաքացու, հայրենիք վերադարձածներից էր: Ըստ տեղեկությունների, տղան երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, հենց այնտեղ էլ գրեթե ամբողջ մարմինը պատել է դաջվածքներով, հավանաբար փորձել է նաեւ թմրամիջոցներ, մի խոսքով…

Կա վարկած, որ աղջիկը, որին տղան պատանդ էր վերցրել, պատահական մեկը չէր, այլ տղայի ծանոթը, բայց սա այս պատմության ամենաանհետաքրքրական հատվածն է, ինչպես եւ այն, որ տղան ԱՄՆ-ում արդեն իսկ դատապարտված է եղել: Շրջանցենք: Փաստաբան եւ 5 քաղաքացի ոստիկանների ուղեկցությամբ բիլիարդանոց, իհարկե, չմտան, ամեն դեպքում ոչ մի փաստաբան եւ որեւէ քաղաքացի նման ցանկությամբ բիլիարդանոցը շրջափակած ոստիկաններին չի մոտեցել: Փոխարենը ոստիկանները երկար բանակցել են տղայի հետ: Սկզբում հոգեբանի օգնությամբ: Իմիջիայլոց, հոգեբանն ու ոստիկանները տղայի հետ բանակցել են ի՞նչ եղանակով եւ որտե՞ղ: Նրանք մտե՞լ են բիլիարդանո՞ց, սա շատ կարեւոր է, որովհետեւ, եթե ոստիկանները մտել են բիլիարդանոց, որտեղ միայն դանակով, շեշտում եմ` միայն դանակով զինված տղան պատանդ էր պահում աղջկան, ապա ինչո՞ւ եւ ինչպե՞ս չեն կարողացել անարյուն վնասազերծել տղային: Ի՞նչ է, տղան ամերիկյան կինոներ է նայել, մեր ոստիկանները` ո՞չ:

Մի խոսքով, անարյուն վնասազերծել չի ստացվում. դե տղան չի համաձայնում ոստիկանների պահանջին` պնդելով իրենը, իսկ ոստիկաննները չեն «ֆայմում», որ կարելի է տարբեր կողմերից մոտենալ, այդ թվում` առաստաղից, ու ոլորելով դանակով տղայի ձեռքերը` ազատել պատանդ աղջկան, այլ դիմում են ծայրահեղ միջոցի: Արագ դեպքի վայր է հրավիրվում մի հմուտ դիպուկահար, նա էլ բիլիարդանոցի շուրջ բոլորը պտտվելուց հետո` դիրքավորվում է մարդկանց մեջ, հենց գետնի վրա, եւ այդպես մարդիկ տեսնում են, թե ինչպե՞ս է պատրաստվում դիպուկահարը խոցել դանակով տղային, բայց այնպես, որ մինչեւ խոցվելը տղան չհասցնի դանակով ծակել աղջկա պարանոցը: Կինո՞, կինո… Հետո դիպուկահարը կրակում է, դիպուկ, համենայնդեպս տղան ընկնում է, դանակը նրա ձեռքից` եւս, աղջիկն ազատվում է, ոստիկանները վազելով մտնում են բիլիարդանոց, ոլորում արդեն տապալված տղայի ձեռքերը, նրան տանում շտապօգնության մեքենա, որտեղ էլ, հիվանդանոցի ճանապարհին, տղան մահանում է:

Մյուս կողմից, սակայն, ես անձամբ հանցագործին, որին ի դեպ կարելի է այդպես անվանել միայն դատարանի կողմից արձակված դատավճռից հետո չեմ տեսել, հետեւաբար չեմ կարող գնահատել նրա կողմից հնարավոր վնասի ռիսկայնության չափը: Շատ հնարավոր է, որ դիպուկահարի օգնությունը նրան վնասազերծելու միակ միջո՞ցն է եղել, բայց անգամ այդ պարագայում, կարող էր, չէ՞, դիպուկահարը մարդկանցից հեռու վայրում պառկել ու կրակել: Լավ, եթե դա էլ հնարավոր չի եղել, կարող էր, չէ՞, մեր ոստիկանությունը մարդկանց հեռու տանել դիպուկահարի «աշխատանքի» վայրից…

Ամեն դեպքում այս պատմությունը ոչ թե բիլիարդանոցում երիտասարդ կնոջը պատանդ վերցրած դաջվածքներով ու դանակով զինված տղայի մասին էր, այլ մեր ոստիկանության:

Ի դեպ, վերջինս այդպես էլ դեռեւս չի պարզաբանել, թե ի վերջո ի՞նչ է եղել դանակով զինված տղայի ցանկությունը, ավելի ստույգ` մոտիվացիան:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Հանցագործությունը ինչ որ բանի մասին չի լինում … …ես անձամբ հանցագործին, որին ի դեպ կարելի է այդպես անվանել միայն դատարանի կողմից արձակված դատավճռից հետո… Ձեր մտքերում հակասություն չե՞ք տեսնում…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930