Լրահոս
Օրվա լրահոսը

Գերադասում եմ «խաբվել»

Սեպտեմբեր 02,2017 10:00

«Հանկարծ հարիֆ չլինես, չխաբվես»` մանկուց այս նախազգուշացումն եմ լսում եւ, ճիշտն ասած, միշտ արհամարհել եմ այդ կոչը: «Հանկարծ չերեւամ թույլ, ոչ վճռական, ոչ առնական, ծիծաղելի», «համապատասխանեմ այս դաժան աշխարհի պահանջներին»՝ նման պարանոյիկ վախերով առաջնորդվելը մարդուն մշտական լարվածության մեջ է պահում,  դժբախտ է դարձնում: Իսկ կյանքն այնքանով է դաժան կամ բարի, տխուր կամ ուրախ, որքանով ե՛ս եմ այն կերտում:

Այս ընդհանուր սկզբունքը ձեւակերպելով՝  բերեմ «խաբվելու» մի օրինակ: Ինչպես հայտնի է, խաբելն ու «ֆռացնելը» հայաստանյան մշակույթի անբաժանելի մասն է: (Հատուկ եմ  նշում՝ հայաստանյան, ոչ թե հայկական, որովհետու հայը, օրինակ, Գերմանիայում դժվար թե համարձակվի նման վարք դրսեւորել): Դա առնվազն տասնամյակների ավանդույթ է՝ իմ ողջ գիտակից կյանքի ընթացքում ես այդ երեւույթի ականատեսն եմ: Մասնավորապես, խաբելու եւ «ֆռացնելու» վիրտուոզ վարպետներ են մեր արհեստավորները: Խնդրի լուծումը ոչ թե այդ խեղճ մարդկանց փնովելն է, այլ «սպիտակ», պայմանագրային հարաբերություններ  հաստատելը: Ես զանգահարում եմ, ենթադրենք, վերանորոգում իրականացնող ընկերություն, գրավոր պայմանավորվում եմ աշխատանքի մասին, փոխանցում եմ «սպիտակ» գումար, ստանում եմ անդորրագիր կամ ՀԴՄ կտրոն, իսկ պայմանագրի մեջ գրված է. աշխատանքը կատարվում է, ասենք, 10 օրում, որի համար վճարվում է 10X գումար, իսկ եթե տեւի 11 օր, ապա ինձ վերադարձվում է X գումար, եթե տեւի 12 օր, ապա վերադարձվում է 2X գումար եւ այլն:

Քանի որ մենք այդ, ինչպես ասում են, «ինստիտուցիոնալ» լուծումից շատ հեռու ենք, իրական հայաստանյան շփումներում կա երկու տարբերակ: Առաջինը՝ ամեն օր «բազար անել» վարպետի հետ, թե ինչու նա չի արել այս կամ այն գործը, եւ լսել նրա պատմություններն այն մասին, թե ինչպես է նա հերթական անգամ գնացել հերթական բարեկամի կնունքին կամ թաղմանը: Այդ դեպքում ես պետք է համատեղեմ Շերլոկ Հոլմսի եւ Վիշինսկու հատկությունները: Երկրորդ տարբերակը «խաբվելն» է, որը եւ գերադասելի է ինձ համար: Քանի որ չկան չխաբվելու հստակ իրավական մեխանիզմներ,   ապա մեծ հաշվով, մնացած բոլոր գործողությունները (այդ թվում՝ «բազար անելը») խաբեություն է կամ ինքնախաբեություն:

Թող մտածեն, որ ես «հարիֆ» եմ: Երբեք, ոչ մի հարցով չեմ ձգտել «թրենդի մեջ» լինել:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Հայտնվելով ՀՀ տարածքում՝ ուշադրություն՝ ականադաշտ…

  2. Ալֆրեդ says:

    Էլի լավ է որ Հայաստանում արհեստավորն երն են այդպես։ԱՄՆում բժիշկների ձեռքն ընկնես էլ չէս պրծնի,հատկապես եթե medical կամ medicare ունես։

  3. Լավատես says:

    ՝՝Քանի որ մենք այդ, ինչպես ասում են, «ինստիտուցիոնալ» լուծումից շատ հեռու ենք,՝՝

    Գոնե մի կողմը պետք է շատ մոտիկ լինի այդ արտասահմանյան լուծումին, հակառակ դեպքում դրանով հեշտորեն կարելի է արդարացնել եւ կաշառակերությունը, եւ անարդարությունը:

    Այդ խեղճ մարդկանց իսկապես իմաստ չկա փնովել, նրանց հետ չեք ուղղակի պայմանագիր կնքել, պետք է ամենայն խստությամբ՝ մինչեւ դատարան տալու սպառնալիքով դիմել այդ ծառայությունը մատուցող ընկերության ղեկավարությանը, ում հետ պայմանագիր եք կնքել, դա նրանց մեղքն է, իսկ եթե այդ ամենը ինքնահոսի թողնել՝ դա արդեն արջի ծառայություն է եւ դրանից կտուժեն բոլորը:

Պատասխանել