Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստանի կողմից որեւէ խոչընդոտ չի լինելու համաձայնագիրը ստորագրելու, բայց նույնը չեմ կարող ասել եվրոպացիների կողմից»

Սեպտեմբեր 02,2017 17:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը եւ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը

Լուսինե Բուդաղյան.– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց` Հայաստանն աշնանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Նախագահն ասաց, որ փաստաթուղթն արդեն իսկ նախաստորագրված է:

Այս անգամ իրականություն կդառնա՞ այդ համաձայնագրի ստորագրումը: Ռուսական կողմից կլինե՞ն ճնշումներ, թե՞ ոչ, եւ հնարավո՞ր է վերջին պահին կրկին հրաժարվենք համաձայնագրի ստորագրումից:

Ստեփան Սաֆարյան.– Այս պահի դրությամբ, հենվելով այն բոլոր հայտարարությունների վրա, որ արվել է հանրապետության վարչապետի, հանրապետության նախագահի կողմից եւ նաեւ, բնականաբար, եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, այդ թվում եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի շուրթերից, կարծես թե, պետք է ստորագրվի: Թերեւս մեկ բան կարող է ինձ ստիպել մտածելու, որ հնարավոր է նաեւ, որ չստորագրվի: Եթե մի բան արդեն քննարկում ենք ու, ըստ որում, ամիսներ շարունակ, հնարավոր է ստորագրվի, հնարավոր է չստորագրվի, եւ որեւէ մեկը չի կարողանում սպառիչ հերքում տալ կամ հաստատել, նշանակում է, որ որոշակի տոկոսով հավանականություն չստորագրելու, այնուամենայնիվ, կա: Ես կարծում եմ, որ իրավիճակն արմատապես տարբերվում է 2015 թվականից: Արմատապես այն առումով, որ բավականին էական գործոններ կան տարբերվող իրավիճակների: 2013 թվականի պայմանագիրը բանակցված էր, բայց նախաստորագրված չէր, իսկ այժմ այն նաեւ նախաստորագրված է, երկրորդ խոշոր տարբերությունն այն է, որ 2013 թվականին Ռուսաստանը չափազանց մեծ հետաքրքրություն ուներ ոչնչացնել Արեւելյան գործընկերությունը, հարված հասցնել ու տապալել, մանավանդ, որ կար նաեւ զուգահեռ մեկնարկող Եվրասիական տնտեսական միությունը, եւ չէր կարող թույլ տալ, որ, այսպես ասած, իր ճամբարի հաշվին երկրներ գնան Եվրամիության դաշտ: Եվ, հետեւաբար, այս կտրվածքով այժմ, իհարկե, ես կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինը նույնպես կարող էր ունենալ շահագրգռություն՝ հատկապես Արեւմուտքի պատժամիջոցների խստացման եւ պահպանման խորապատկերին, թերեւս նրան կարող է չմտահոգել այդ պայմանագրի բովանդակությունը, ի դեպ, այդ բովանդակությունն էլ տարբերություններից մեկն է 2013-ի եւ 2017-ի, որովհետեւ այն ժամանակ, իսկապես, մենք խորը եւ համապարփակ զուտ առեւտրի պայմանագրով միանում էինք Եվրոպական միության մաքսային գոտուն, ինչը հակասության մեջ էր ԵՏՄ-ի մաքսային գոտուն միանալու հետ, եւ այս կտրվածքով Ռուսաստանը համարում էր, որ ինքը հսկայական տարածքներ է կորցնում ի դեմս Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի: Այժմ, երբ ինքը չի կարողացել կանխել ոչ Ուկրաինայի, ոչ Մոլդովայի, ոչ Վրաստանի ընթացքը, թերեւս, Հայաստանին հետ պահելով ավելի ցածր կարեւորության պայմանագիր ստորագրելուց, ինքն ուղղակի ծիծաղ կշարժի, որովհետեւ Հայաստանն Արեւելյան գործընկերության առաջատարներից չէ, եւ Հայաստանի միջոցով Արեւելյան գործընկերությանը հարված հասցնել, այն էլ` մեծ, հնարավոր չէ: Եվ, վերջապես, ռիսկի մասով: Պուտինը մինչեւ օգոստոսի սկիզբը, մինչեւ Կոնգրեսի կողմից պատժամիջոցների պահպանումը թերեւս հույսեր ուներ, որ կկարողանա ազդել տրանս-ատլանտյան` Եվրոպա-Ամերիկա այս տանդեմի վրա, հատկապես, երբ որ Թրամփը մի քանի հայտարարություններ անելով Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու, անգամ պատժամիջոցները մեղմելու, հանելու ակնարկներ էր արել, բայց երբ դա տեղի չունեցավ, եւ Արեւմուտքը, որը միասնական Ռուսաստանի հանդեպ իր պատժամիջոցները չթեթեւացրեց, թերեւս միակ բանը, որը կկարողանա Ռուսաստանի մոտ ստեղծել գայթակղություն, դա Հայաստանի միջոցով, այսպես ասած, հարված հասցնելն է, բայց, նորից եմ կրկնում՝ դա այնքան էլ ուժեղ հարված չի լինի եւ, ակնհայտորեն, ավելի շատ ծիծաղ կշարժի աշխարհում, քան թե որեւէ մեկը կմտահոգվի` Հայաստանը ստորագրեց, թե չստորագրեց մի պայմանագիր, այն էլ երկրորդ անգամ:

Սուրեն Սարգսյան.– Ճիշտ նկատեց պարոն Սաֆարյանը. իրոք, մեծ տարբերություն կա նախորդ հնարավոր ստորագրելիք պայմանագրի եւ այն փաստաթղթի միջեւ, որը մենք այսօր ունենք: Այս տեքստը հրապարակված չէ, այսինքն` մենք մանրամասնորեն չգիտենք, թե ինչ է տեքստի մեջ պարունակվում, գիտենք, որ այն նախաստորագրված է: Ես չեմ բացառում, որ նախաստորագրումից մինչ ստորագրումը դրա չհրապարակումը նաեւ կարելի է կապել որոշ մանր հարցերի վերջնական ձեւավորման, տեխնիկական շտկումների հետ: Նաեւ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, թե երբ հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահը պատրաստակամության մասին ստորագրելու այս համաձայնագիրը: Դա Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից ընդամենն օրեր անց էր, եւ, քանի որ տեքստ փակ է, գաղտնի է մեծ հաշվով, կարծում եմ, որ հարց ռուսական կողմի մոտ առաջացել է` ինչի մասին եք բանակցում եւ ինչ է դա: Ես վստահ եմ, որ նախագահը ներկայացրել է ռուսական կողմին, այսինքն` բաց են աշխատել ռուսական կողմի հետ, եւ ռուսական կողմից որեւէ ճնշում կամ որեւէ առաջարկ, կամ որեւէ հետ կանգնելու նման որեւէ փաստի հետ, կարծես թե, մենք չենք առնչվել, որովհետեւ դրանից հետո նախագահը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ստորագրել համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սա շատ կարեւոր քայլ է, եւ, կարծում եմ, կարեւոր է, որ համաձայնեցվեն այս բոլոր ուղղությունները նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանի գերտերություն է եւ չի կարելի այդ հանգամանքի հետ հաշվի չնստել: Կարծում եմ, որ համաձայնագիրն, այդուհանդերձ, նոյեմբերին կստորագրվի, նախաստորագրումը մարտին էր, եւ կարծում եմ, որ սա Հայաստանի համար բավականին լավ հնարավորություն է խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական ուղղություններով: Հույս ունեմ, որ դրան ոչ մի խոչընդոտ չի լինի, այդ թվում եւ Եվրոպական միության կողմից, որովհետեւ նախկինում, եթե հիշում եք, շրջանառության մեջ էին դրվել «եւ-եւ»-ի, «կամ-կամ» սկզբունքները: Մեծ հաշվով Ռուսաստանը դեմ չէր, որ Հայաստանը ստորագրի այդ համաձայնագիրը, բայց խնդիրն այն է, որ բոլորի մոտ հարց էր առաջանում` արդյոք ԵԱՏՄ-ի եւ այդ փաստաթղթի առումով իրավական հակասություններ կա՞ն, թե՞ չկան, եւ հայկական կողմն ասում էր, որ այդ անհամապատասխանությունները հնարավոր է վերացնել` որոշակի շտկումներ եւ փոփոխություններ անելով: Ես ինքս, որպես իրավաբան, վստահ եմ, որ ցանկացած հակասություն կարող ես մեկնաբանել այնպես, ինչպես քեզ անհրաժեշտ է, դրա համար էլ, կարծում եմ, դա հնարավոր էր, բայց վերջին պահին, իհարկե, որոշումը ավելի շատ եկավ Եվրոպական միությունից, քան Հայաստանի Հանրապետությունից: Ես գիտեմ, որ երկու ուղղությամբ էլ Հայաստանը ակտիվ բանակցում էր այդ ընթացքում, եւ որոշումն իրականում չի կայացվել մեկ օրվա կամ մեկ գիշերվա ընթացքում: Այդ ժամանակ աշխատել եմ պետական համակարգում եւ հիշում եմ, որ շատ ակտիվ ե՛ւ վարչապետի, ե՛ւ նախագահի մակարդակով, ե՛ւ Բրյուսել, ե՛ւ Մոսկվա այցելություններ կային, եւ բանակցություններն ընթանում էին երկու ուղղությամբ էլ: Նորից ուզում եմ հույս հայտնել, նույնիսկ վստահություն հայտնել, որ Հայաստանի կողմից որեւէ խոչընդոտ չի լինելու այս համաձայնագիրը ստորագրելու համար, բայց նույնը չեմ կարող ասել եվրոպացիների կողմից: Սակայն եթե հաշվի առնենք, որ փաստաթուղթն ըստ էության արդեն բանակցված է եւ նախաստորագրված է, կարծում եմ, որ Եվրոպական միության կողմից էլ որեւէ վերապահում չի լինի:

Քննարկումն ամբողջությամբ`

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

01.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930