Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Լենինգրադյանը՝ Սանկտ Պետերբուրգյան վերանվանելու միտքը լավը չէ»

Սեպտեմբեր 02,2017 15:00

Միջազգայնագետը՝ փողոցների անվանափոխության մասին

«Եվրոպայի մի շարք քաղաքներում կան հուշարձաններ, պուրակներ կամ փողոցներ՝ նվիրված Լենինգրադին, Ստալինգրադի ճակատամարտին կամ Լենինգրադի բլոկադային: Այսինքն՝ դա ոչ թե որպես քաղաքին ուղղված ժեստ է, այլ ուղղված ժեստ է այդ պատմական իրադարձությանը: Եվ այդ առումով Երեւանում գտնվող Լենինգրադյան փողոցը ոչ թե ի պատիվ Լենինգրադ քաղաքի է, այլ՝ ի պատիվ նաեւ լենինգրադյան ճակատամարտի է, Լենինգրադյան բլոկադայի է եւ Լենինգրադում Խորհրդային միության տարած հաղթանակների, գիտեք, որ բավականին շատ հայեր են մասնակցել Լենինգրադի պաշարման ժամանակ Նացիստական Գերմանիայի զորքերի դեմ պայքարում եւ սա բավականին կարեւոր թեմա է, որովհետեւ տասնյակ հազարավոր հայազգի զինվորներ են մահացել այդտեղ: Եվ մենք, ըստ էության փողոցն անվանել ենք, ոչ թե որպես քաղաք, որ հիմի էլ ուզում ենք վերանվանել Սանկտ Պետերբուրգի, այլ՝ որպես երեւույթ»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն՝ անդրադառնալով Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված արձագանքին: Հիշեցնենք, որ օրեր առաջ ավագանու նիստին «Ելք»-ը Երեւանի որոշ փողոցների անվանափոխության նախագիծ էր ներկայացրել: Մասնավորապես՝ առաջարկել էր Լենինգրադյան փողոցն անվանափոխել Արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, Կասյանը՝ կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի, Միկոյանը՝ հայազգի բարեգործ Քըրք Քըրքորյանի, Ամիրյանը՝ Վռամշապուհ արքայի եւ այլն անուններով: Լրատվամիջոցների հետ զրույցում, ի պատասխան, Տարոն Մարգարյանն ասել էր, որ «Ելք»-ի նախագիծը քննարկման հարց է:

Երեւանի քաղաքապետը նաեւ ասել էր, որ Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը քույր քաղաքներ են, եւ չեն պատրաստվում Լենինգրադյան փողոցն անվանակոչել:

Ի պատասխան, hraparak.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կարծիք էր հայտնել, որ եթե խնդիրը Սանկտ Պետերբուրգի հետ ունեցած հարաբերություններն են, ապա թող ՀՀԿ ֆրակցիան առաջարկի Սանկտ Պետերբուրգի անունով անվանափոխություն Լենինգրադյան փողոցի մասով. «Լենինի անունով անվանակոչված փողոցներից, հրապարակներից ազատվում են նաեւ Ռուսաստանում, հետխորհրդային մյուս երկրներում, նաեւ Հայաստանում Լենինականը անվանափոխեցին, դարձրին Գյումրի։ Ամեն դեպքում, «Ելքը», դեմ չլինելով Սանկտ Պետերբուրգի անունով փողոց ունենալուն, նպատակահարմար է գտնում Լենինգրադյանը անվանակոչել հենց Լեոնիդ Ազգալդյանի անունով։ «Թող առաջարկեն Սանկտ Պետերբուրգի անունով անվանափոխություն, մենք քննարկենք»:

Սուրեն Սարգսյանի խոսքով, ինքն էլ կողմ է փողոցները մեր ազգային հերոսների անուններով անվանակոչելու «Ելքի» նախաձեռնությանը եւ ողջունում է, բայց Լենինգրադյանը՝ Սանկտ Պետերբուրգյան վերանվանելու միտքը լավը չէ։ Ըստ նրա, «Сталинградская битва»-ն երբեք չես անվանափոխի «Волгоградская битва», «Կոնստանտնոպոլիսի պաշարումը»՝ «Ստամբուլի պաշարում», «Աքեմենյան կայսրությունը»՝ «Իրանական կայսրություն», իսկ «Էրեբունի ամրոցը»՝ «Երեւանի ամրոց»։

«Այդուհանդերձ, Վազգեն Վեհափառ, Քըրք Քրքորյան, Լեոնիդ Ազգալդյան, Վիտյա Այվազյան եւ այլ փողոցները պետք է լինեն»,-ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, այդ առումով մենք, իսկապես, անելիք ունենք. «Քաղաքում կան փողոցներ, որոնք թվային արտահայտում ունեն: Կան փողոցներ, որոնք կոչվում են փողոց եւ դրանից հետո կոչվում է փակուղի կամ օրինակ` Արաբկիր 51 փողոց: Այսինքն` այդքան փողոցներ կան, որոնք կարելի է անվանափոխել, որը բնական երեւույթ է: Արաբկիր 51 փողոցից էլ հենց կարելի է սկսել, այսինքն` փողոցներ շատ կան, եւ այնպես չէ, որ փողոցները քչություն են անում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930