Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ ստացվում է համատեղել հյուրախաղերս Երեւանի օպերային թատրոնում հիմնական աշխատանքիս հետ»

Սեպտեմբեր 02,2017 14:00

Եգիպտական զորավար Ռադամեսի եւ եթովպացի ստրկուհի Աիդայի դժբախտ սիրո մասին պատմող Վերդիի «Աիդա» օպերան (լիբրետոն՝ Անտոնիո Գիսլանցոնիի, ըստ Օգյուստ Մարիետի) հռչակավոր Արենա դի Վերոնայի խաղացանկում ընդգրկված է դեռեւս 1913թ.-ից: Օպերայի առաջնախաղը կայացել է 1871-ին՝ Կահիրեում, իսկ Երեւանի ազգային օպերային թատրոնում՝ 1941թ. (բեմադրող դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան, բեմադրող ռեժիսոր՝ Արմեն Գուլակյան): Մեր թատրոնում այս օպերան ունեցել է մի քանի բեմադրություններ, վերջինը 2010թ. իրականացրել է իտալացի ռեժիսոր Մարիո Կորրադին, դիրիժորը՝ Կարեն Դուրգարյան:

Վերջերս Արենա դի Վերոնայում Ռադամեսի դերերգով առաջին անգամ հանդես եկավ Երեւանի թատրոնի մեներգիչ, տենոր Հովհաննես Այվազյանը:

«Առավոտի» հետ զրույցում նա հիշեց, որ մեր թատրոնում առաջին անգամ այս դերերգով հանդիսատեսին ներկայացել է 5 տարի առաջ, Ռադամես է կերտել նաեւ Կազանի թատրոնում, աշնանն էլ պատրաստվում է առաջին անգամ այն ներկայացնել Մարիինյանում: «Իտալիայում օպերան ղեկավարում էր ընդամենը 30 տարեկան, բայց հեղինակավոր թատրոնների ցանկալի հյուր, մեծ ճանաչում վայելող իտալացի դիրիժոր Անդրեա Բատիստոնին: Աիդայի դերերգով հանդես եկավ չինուհի սոպրանո Հուի Հեն, Ամոնասրոյի կերպարում էր բարիտոն, դարձյալ իտալացի Ամբրոջիո Մաեստրին, մասնակցությամբ այդ թատրոնի երգչախմբի ու նվագախմբի: Բեմադրության ռեժիսորն էր Ջանֆրանկո դե Բոսիոն: Ասեմ, որ այստեղ օպերայի կատարման ժամանակ ամեն ինչ բնական էր, նույնիսկ ձիերը, այստեղ արհեստական ոչինչ չկա:


Բացօթյա այս թատրոնում հանդիսատեսի աչքի առջեւ հառնում է փարավոնների տիրապետության ժամանակ հին Եգիպտոսը…»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հետո էլ մանրամասնեց. «Երբ վերադառնում էինք, ինքնաթիռում մոտ 10 տարեկան մի ռուս կամ գուցե հրեա երեխա, դիմելով ինձ, չգիտես ինչու, հետաքրքրվեց՝ իսկ դուք ներկա՞ էիք «Աիդա» ներկայացմանը: Ես էլ պատասխանեցի՝ ոչ միայն ներկա էի, ավելին՝ ես էի Ռադամեսը… Դիմելով ծնողներին, երեխան զարմանքը հայտնեց, ասելով՝ եգիպտական զորավարը ինչպե՞ս է հայտնվել մեր ինքնաթիռում… Այս արտահայտությունն արդեն ամենախոսուն փաստն է, որ օպերան ներկայացվելով բնական միջավայրում, հենց բնական էլ ընկալվում է»:

Թեեւ մեր կողմից անընդունելի է, երբ արվեստում համեմատականներ են անցկացվում, այնուամենայնիվ, Արենա դի Վերոնայի «Աիդան» «դնելով մի կողմ», երգչից խնդրեցինք զուգահեռներ անցկացնել Երեւանի եւ Կազանի «Աիդա»-ների միջեւ: «Մեր այս ներկայացման բեմադրությունը, կուզեի հատուկ նշել դեկորներն ու զգեստները, չի զիջում Կազանի թատրոնին»,- հայտնեց տենորը:


Զրույցի ընթացքում երբ տեղեկացանք, որ Հովհաննես Այվազյանը պատրաստվում է առաջիկայում դարձյալ Մարիինյան թատրոնում հանդես գալ, այս անգամ՝ Կավարադոսի դերերգով՝ Պուչինիի «Տոսկայում», կեսկատակ-կեսլուրջ ասացինք՝ կարծես այդ թատրոնը դարձել է ձեր հիմնական աշխատավայրը: Մեր զրուցակիցը համաձայնեց այս դիտարկմանը, ավելին՝ հիշեցրեց, որ ինքը զբաղված է հիշյալ թատրոնի վերդյան 4 ներկայացումներում՝ «Տոսկա», «Տրուբադուր», «Դոն Կառլոս», «Աիդա»: «Հիմա էլ պատրաստվում եմ «մուտք գործել» Վերդիի մեկ այլ գլուխգործոց՝ «Ճակատագրի ուժը» ներկայացում: Դեռ ստացվում է համատեղել հյուրախաղերս Երեւանի օպերային թատրոնում հիմնական աշխատանքիս հետ»,- ասաց արվեստագետը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Հովհաննես Այվազյանը «իտալական» Ռադամեսի կերպարում:

«Առավոտ»

01.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930