Կաղամբը եւ նրա պատրաստուկներն օժտված են հակախոցային, հակամանրէային եւ մեղմ լեղամուղ ազդեցությամբ: Կաղամբի բջջանյութը լավացնում է աղիների գործունեությունը եւ բարերար ազդեցություն ունի միկրոֆլորայի վրա: Բացի այդ, բջջանյութը նպաստում է օրգանիզմից խարամների եւ խոլեստերինի դուրսբերմանը:
Ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ թարմ քամած կաղամբի հյութը ընդունել օրը 3 անգամ 100-ական միլիլիտր՝ ուտելուց 20-30 րոպե առաջ:
Նշագեղձերի բորբոքման՝ անգինաների դեպքում խորհուրդ է տրվում 300 գրամ թարմ կաղամբը շոգեխաշել 500 միլիլիտր ջրով մինչեւ փափկելը՝ առանց աղի, սառեցնել մինչեւ 30-35՛C: 1 բաժակ եփուկին ավելացնել 3 թեյի գդալ մեղր, խառնել: Ընդունել 0,5 բաժակ՝ օրը 4 անգամ, ուտելուց առաջ:
Բրոնխիտների դեպքում 1 բաժակ կաղամբի թարմ հյութին ավելացնել 2 թեյի գդալ շաքարավազ կամ մեղր: Ընդունել 1 բաժակ՝ օրը 2 անգամ:
Ցածր թթվայնության գաստրիտների ժամանակ անհրաժեշտ է ընդունել կաղամբի տաք հյութը՝ չեռացրած, սկսելով 1-2 ճաշի գդալից եւ աստիճանաբար մեկանգամյա չափաբաժինը հասցնելով 0,5 բաժակի: Ընդունել ուտելուց առաջ՝ օրը 1-2 անգամ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
01.09.2017