Կատվախոտը օժտված է հանգստացնող, տագնապամարիչ ազդեցությամբ կենտրոնական նյարդային համակարգի նկատմամբ, կարգավորում է սրտի աշխատանքը, օժտված է սպազմոլիտիկ եւ լեղամուղ հատկություններով, ուժեղացնում է ստամոքսաղիքային տրակտի գեղձերի հյութազատիչ գործունեությունը: Պատրաստուկները լայնացնում են սրտի պսակաձեւ անոթները եւ ունեն հիպոտենզիվ (իջեցնում են արյան ճնշումը¤ ազդեցություն:
Նյարդային գրգռվածության, լարվածության ժամանակ խորհուրդ է տրվում 2-5 ճաշի գդալ մանրացված կոճղարմատին ավելացնել 1 բաժակ տաք եռացրած ջուր, տաքացնել ջրաբաղնիքի վրա 15 րոպե: Սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել: Եռացրած ջրով ծավալը հասցնել սկզբնականին: Ընդունել օրը 1 անգամ՝ 2-3 ճաշի գդալ՝ ընթրիքից 30 րոպե հետո:
Որպես հակամիգրենային միջոց, առաջարկվում է 1 ճաշի գդալ մանրացված հումքին՝ կոճղարմատին, ավելացնել 1 բաժակ եռացրած սառեցրած ջուր, թողնել 24 ժամ, քամել: Թեթեւակի տաքացնել եւ ընդունել օրվա ընթացքում:
Ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում 2 թեյի գդալ մանրացված հումքին՝ կոճղարմատը՝ արմատներով, ավելացնել 1 բաժակ սառը ջուր, եռացնել 5 րոպե, քամել: Ընդունել 2-3 ճաշի գդալ՝ 1 բաժակ ջրի հետ, օրը 2-3 անգամ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
01.09.2017