Այսօր ‹‹Մեկ ազատ աշխարհ›› միջազգային կազմակերպության հիմնադիր և նախագահ Մաջեդ Էլ Շաֆիին և Կանադայի խորհրդարանի անդամներ Թոնի Քլեմենտը և Ռաչել Հարդերը Արցախի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպումով եզրափակեցին փաստահավաք առաքելությունը Հայաստանում և Արցախում:
Կազմակերպության նախագահը իր խոսքում նախ ներկայացրել է իրենց կազմակերպության մասին և ծավալած գործունեության վերաբերյալ: ‹‹Մեկ տարի առաջ մենք պարզապես ցնցված էինք այստեղից ստացված տեսարաններից ու պատկերներից: Աշխարհը տեսավ այն ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել էին Արցախում ադրբեջանական իշխանությունների կողմից: Այս պատերազմը միայն ձեր պատերազմը չէ: Սա ողջ քաղաքակիրթ աշխարհի պատերազմն է: Մենք հորդորում ենք խաղաղություն և այս կոնֆլիկտի խաղաղ կարգավորում: Պետք է նաև հասկանալ, որ Արցախն ունի գոյություն ունենալու և ինքն իրեն պաշտպանելու իրավունք››,- նշում է Մաջեդ Էլ Շավին և ավելացնում. նաև մտահոգված են, այն առումով, որ ադրբեջանական կողմը Արցախի հարցը փորձում է ներկայացնել, որպես կրոնական պատերազմ:
Նա իր խոսքում ուղերձ հղելով Ադրբեջանին` մասնավորապես ասում է.‹‹Դուք չեք կարող հեռացնել այս ժողովրդին իրենց սեփական հողից և չեք կարող հաղթել նրանց: Կապ չունի ինչքանով եք զինված և ինչքանով է մեծ ձեր բանակը:
Ադրբեջանի իշխանությունները ‹‹հարձակվել են›› ինձ վրա և իմ անունը գրանցել սև ցուցակում: Ես կցանկանայի հայտնել, որ ինձ համար պատիվ է հայտնվել այդ ցուցակում:
Արցախի ժողովուրդը ուղղակի ցանկանում է պայքարել իր հայրենիքի և խաղաղության համար:
Նա նշում է, որ Արցախը աշխարհի համար օրինակ է: Ունի պայքարող հաստատակամ ժողովուրդ, ով նույնիսկ պատճառած ցավերից ու տառապանքներից հետո հրաժարվում է ատել թշնամուն. ‹‹Մենք այնքան սիրեցինք այս երկիրը, որ ցանկանում ենք դիմել քաղաքացիություն ստանալու համար ››:
Դավիթ Աբաղյան