Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Ստամբուլի Սրբոց Վարդանանց եկեղեցու երգչախմբի համերգը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակին

Սեպտեմբեր 01,2017 22:30

Սեպտեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Ստամբուլի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Ստամբուլի Սրբոց Վարդանանց եկեղեցու երգչախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյակին: Երգչախմբի խմբավարն է Ատրուշան Հալաջյանը:

Համերգին ներկա էին մաեստրո Հովհաննես Չեքիջյանը և կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը :

Հնչեցին հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ընթերցեց նախարար Հրանուշ Հակոբյանի  ողջույնի խոսքը. «Պատահական չէ, որ Կ. Պոլսից ժամանած երգչախմբի ելույթով է նշվում մեր ժամանակների կենդանի լեգենդ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մեծանուն դիրիժոր, Պոլսում ծնված Հովհաննես Չեքիջյանի 90-ամյա հոբելյանը:

Արդեն ավանդույթ է դարձել պոլսահայության օրերի անցկացումը Հայրենիքում: Պոլսահայ համայնքը մշակութային հզոր ներուժ ունի: Լինի գրականություն, թե երաժշտություն, պար, թե թատերական ներկայացում. ամեն անգամ, իսկապես, անսահման հուզմունք ենք ապրում՝ ականատեսը դառնալով մեր հայրենակիցների բարձր արվեստի ամենատարբեր դրսևորումներին:

Վստահաբար կարող եմ ասել, որ Վարդանանց երգչախումբն իր գործունեությունը նվիր­  ել է հայկական մշակույթի պահպանմանը՝ խորապես գիտակցելով, որ այն հայ ինքնության զորացման ամենակարևոր երաշխիքներից մեկն է»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ երգչախմբի նախագահ Թաթուլ վարդապետ Անուշյանը: «Դուք այսօր ոչ միայն պիտի ունկնդրեք այս երգչախմբի համերգը, այլև պիտի ականատեսը լինեք մի ոգեղեն դպրաց դասի: Այդ դասերը Ստամբուլում եղել են մարդակերտումի, եկեղեցական և երաժշտական կյանքի զարգացման դասեր, կամուրջներ մշակույթների միջև: Մենք երգում ենք հայ երգը, որ գալիս է հայի արմատներից: Մշակույթների միջև կենդանի կամուրջ է դարձել նաև մեծանուն Հովհաննես Չեքիջյանը: Նա մեզ ուժ և կորով է պարգևում: Մենք աշխարհի մի անկյունում՝ մայրենի հողից հեռու, հայ երգն ենք երգում: Պատգամ ունենք վառ պահել հայ երգը»,-նշեց Թաթուլ վարդապետ Անուշյանը:

Այնուհետև ընթերցվեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի օրհնության խոսքը:

Համերգի ավարտին Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը Ստամբուլի Սրբոց Վարդանանց եկեղեցու երգչախմբի դաշնակահարուհի Լուսի Գահվերճիօղլյանին Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության և իր գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում զգալի ներդրման համար պարգևատրեց Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով: Սբ. Վարդանաց դպրաց դաս երգչախումբին շնորհվեց ՍՆ երախտագիտության մեդալ:

Խմբավար Ատրուշան Հալաճյանը պարգևատրվեց ՀՀ ՍՆ  շնորհակալագրով, մենակատարներ Անեթ Մեհթերյանը, Ալիս Շահինօղլունը, Հովսեփ Գույումճյանը, Գրիգոր Թերզիյանը՝ պատվոգրերով:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930