Սեպտեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ ամերիկաբնակ պոլսահայ մտավորական Գևորգ Հակոբյանի «Պատմութիւն իսթամպուլահայ ուսումնական կեանքի և կրթական հաստատութիւններու» գրքի շնորհանդեսը:
Աշխատության մեջ հեղինակը ներկայացնում է ոչ միայն ստամբուլահայ ուսումնական կյանքի պատմությունը, այլև մանրամասն տեղեկություններ է փոխանցում Ստամբուլի նախկին ու ներկա հայկական ազգային և անհատական շուրջ 170 վարժարանների մասին: Գիրքը պարունակում է հազվագյուտ լուսանկարների հավաքածու:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա բարձր գնահատեց Գևորգ Հակոբյանի գիրքը՝ նշելով, որ այն հիմնարար և բացառիկ գիտական աշխատություն է պոլսահայ կրթական հաստատությունների կյանքի ու գործունեության մասին՝ երեք ժամանակաշրջանների պայմանական բաժանումով: «Գևորգ Հակոբյանը տիտանական աշխատանք է կատարել: Ուզում եմ հիշել Կ.Պոլսի «Մարմարա» օրաթերթի մեր սիրելի խմբագրապետ Ռոպէր Հատտէճեանի նախաբանը, որում նա շեշտում է, որ հայ կրթական հաստատություններն այսօր բոլորիս մտքի կիզակետում են և հաճախ մոռանում ենք մեր անցյալի արժեքները: Մեծանուն խմբագրապետն ընդգծում է, որ գիրքը մեզ հնարավորություն է տալիս տեղափոխվել մինչև 18-րդ դարավերջ և այդ սկսած ժամանակաշրջանից մինչև մեր օրերը՝ ծանոթանալ այն երախտաշատ դեմքերին, կրթական հաստատություններին, որոնք իրենց ներդրումն են բերել հայ կրթական կյանքի պահպանման և զարգացման գործին»:
Նախարարը նշեց, որ կարդալով այս աշխատությունը՝ միաժամանակ տխրության և ուրախության պահեր է ապրել: «Պոլսում մենք ունեցել ենք շուրջ 170 վարժարան, որոնցից այսօր գործում է ընդամենը 16-17-ը: Այս գիրքը մեզ ներկայացնում է մեր վարժարանների, այնտեղի մեր շրջանավարտ-սաների մասին վիճակագրական ճշգրիտ, թուրքական արխիվներից պեղած տվյալներ, որոնց լրացնելու են գալիս բացառիկ լուսանկարները», – ընդգծեց Սփյուռքի նախարարը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց գրքի խմբագիր, հեղինակի քույր Մաքրուհի Հակոբյանի դերը ոչ միայն աշխատության հայերենը կատարյալի հասցնելու համար: «Գևորգ Հակոբյանը չի ցանկացել տպագրել իր 20 տարիների հսկայածավալ աշխատությունը: Սիրելի Մաքրուհին ոգևորել, սատարել է եղբորը, ինչի արդյունքում մեր սեղաններին է այս ստվարածավալ աշխատությունը», – նշեց նա:
Սփյուռքի նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց Օրթագյուղի Ս.Աստվածածին եկեղեցու և Ս.Թարգմանչաց Ազգային վարժարանի թաղային խորհուրդներին՝ Իսկենտեր Շահինկեոզի ատենապետությամբ՝ գրքի տպագրությունը հովանավորելու համար:
Նախարարը երախտիքի խոսք ուղղեց նաև Ստամբուլի «Փարոս» ամսագրի խմբագիր Մայտա Սարիսին, ում ջանքերով տպագրվեց աշխատությունը:
«Վստահ եմ, որ Հայաստանի բազում գիտական և ուսումնական հաստատություններում, գրադարաններում շատ շուտով գիրքը կդառնա ուսումնասիրության առարկա: Այս գրքով Գևորգ Հակոբյանն էապես թեթևացրեց մեր պատմաբանների ուսումնասիրության առարկան», – ընդգծեց Սփյուռքի նախարարը:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ գրքի հիմքում հետազոտող պատմաբանի քրտնաջան աշխատանքն է:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը կարևորեց այն հանգամանքը, որ հեղինակը խոսելով հայ կրթական մտքի զարգացման մասին՝ սկսել է 1453 թվականից՝ դրանով ապացուցելով, որ հայ կրթական և գիտական միտքը Պոլսում առկա էր դեռ 15-րդ դարից: «Գրքում մենք հանդիպում ենք Պոլսի բոլոր պատրիարքների անուններին և նրանց գործունեության հիմնական հատվածներին: Հայկական իրականության մեջ պոլսահայերի տեղն ու դերը վերականգնվում է այսպիսի անհատների աշխատությունների շնորհիվ: Պոլիսը կրկին զարթոնք է ապրում», – նշեց Աշոտ Մելքոնյանը:
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող Մելինե Անումյանը ներկայացրեց գրքի բովանդակությունը:
Գերաշնորհ Տ. Թաթուլ Ծ. Վրդ. Անուշեանը խոսեց պոլսահայ արժեհամակարգի եռոտանու մասին: «Այդ եռոտանու երեք կողմերն են հայ եկեղեցին, հայ վարժարանը և հայ ընտանիքը: Եվ ահա այդ եռոտանու կողմերից մեկի՝ վարժարանի ամբողջական պատմությունը մեզ բոլորիս է հրամցնում Գևորգ Հակոբյանը: Այս գիրքը մեր պայքարի, ծառայության և գոյության փաստն է և ազդակ, որ հայ երիտասարդությունը ծանոթանա իր փառավոր անցյալին»:
Գևորգ Հակոբյանի գրքի մասին համապարփակ զեկույցով հանդես եկավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը: Նա ընդգծեց, որ այս աշխատությամբ առաջին անգամ ամբողջացվում է պոլսահայ կրթական կյանքի պատմությունը: «Գևորգ Հակոբյանն այսպիսով իր կյանքի գիրքն է գրել՝ համադրելով փաստեր և արխիվային նյութեր և դառնալով մեր կրթամշակութային կյանքի գլխավոր հուշագրողը»:
Սուրեն Դանիելյանը նկատեց, որ եթե մինչև վերջերս գերիշխում էր կարծիքը, թե պոլսահայ մշակութային կյանքը 1915-ից հետո նահանջել է, ապա Գևորգ Հակոբյանի, Ռոպէր Հատտէճեանի, Զարեհ Խրախունու, Զահրատի, Իգնա Սարըասլանի և բազում այլ պոլսահայ կարկառուն ներկայացուցիչների գործունեության արդյունքում վերականգնում է լիակատար դիմագիծը:
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը նշեց, որ գրքի շնորհանդեսի օրը` սեպտեմբերի 1-ը, խորհրդանշական է, քանի որ ազդարարվեց հազարավոր հայ մանուկների մուտքը կրթօջախներ: «Այս գրքի շնորհիվ վերագնահատելով մեր արժեքները՝ մենք կարող ենք հետ բերել մեր երբեմնի հզորությունը», – նշեց նա:
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը շեշտեց, որ Թուրքիայի տարածքում հայերն ունեցել են նաև մշակութային ցեղասպանություն և մեզ համար Գեւորգ Հակոբյանի աշխատությունն ունի թե՛ գիտական և թե՛ քաղաքական նշանակություն: «Շնորհակալություն Սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին, որ նախաձեռնեցին այսօրինակ հանրագիտարանային արժեք ներկայացնող աշխատության շնորհանդեսը Հայաստանում», – նշեց նա:
Այնուհետև ելույթ ունեցավ հեղինակը՝ Գևորգ Հակոբյանը՝ նախ նշելով, որ 25 տարվա բացակայությունից հետո առաջին անգամ գալով Հայրենիք, ուրախության պահեր է ապրել՝ տեսնելով գեղեցկացած Երևանն ու Հայաստանը: «Իրականացավ իմ մեծագույն երազանքը՝ Հայաստանում ես ներկայացնում եմ 20 տարիների իմ աշխատանքի պտուղը: Շնորհակալ եմ ազնվափայլ տիկին նախարարուհուն, ով նախաձեռնեց իմ գիրքը Հայաստանի և աշխարհասփյուռ հայությանը ճանաչելի դարձնելու գործը» , – նշեց հեղինակը: Նա շնորհակալություն հայտնեց նաև քրոջը՝ Մաքրուհի Հակոբյանին, Մայտա Սարիսին և բոլոր նրանց, ովքեր գործուն աջակցություն ունեցան գրքի լույս աշխարհ գալու աշխատանքներում:
«Գնահատանքի այսպիսի երջանիկ պահեր ապրելուց հետո ես կստանձնեմ իմ երկրորդ աշխատությունը ամբողջացնելու գործը», – իր խոսքը եզրափակեց Գևորգ Հակոբյանը:
Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գևորգ Պ. Հակոբյանին պարգևատրեց «Մայրենիի դեսպան», Մաքրուհի Հակոբյանին՝ «Վիլյամ Սարոյան» մեդալներով, իսկ Մայտա Սարիսին՝ ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ