Վրաստանում անցկացվելիք զորավարժություններին մասնակցելու համար Վրաստան են ժամանել ԱՄՆ ծովային հետևակի ծառայողները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Սեպտեմբերի 3-ին Վրաստանում սկսվում են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 ռազմական զորավարժությունները, որոնցում կցուցադրվեն հրամանատարաշտաբական և դաշտային մանևրումներ: Այս տարի զորավարժություններին ԱՄՆ-ից և Վրաստանից բացի մասնակցում են նաև Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները:
Պենտագոնի հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու համար ԱՄՆ-ից ժամանել են 500 զինծառայողներ:
«Ամենամյա բազմակողմ զորավարժություններն անցկացվում են արդեն 7-րդ անգամ: Դրանք նպատակ ունեն բարձրացնել ԱՄՆ-ի, Վրաստանի և տարածաշրջանային գործընկերների միջև համատեղ գործողությունների հնարավորությունները, ինչպես նաև ամրապնդել մարտավարության, մեթոդների և գործընթացների փոխըմբռնումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Agile Spirit 2017-ն անցկացվում է ԱՄՆ ծովային հետևակի հետ համագործակցությամբ: Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 11-ին՝ Ախալցխայի Օրֆոլո զինավարժարանում ցուցադրական մանևրումներով:
Անվտանգության և միջազգային հարաբերությունների հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Նիկա Չիտաձեն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի ակտիվ համագործակցությունը «միանշանակ դրական դեր է խաղում» Վրաստանի զարգացման համար:
Մասնավորապես, վրացական զինված ուժերի պատրաստականության ստանդարտների հետ ՆԱՏՕ-ն Թբիլիսիի առաջ դնում է նաև քաղաքական խնդիրներ՝ կապված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Անհրաժեշտ ճշտում.
Ա. Այս զորավարժությունը նախորդի շրջանակներում է անցկացվում,
երկուսն էլ վրաց-ամերիկյանից վերաճել են բազմազգ զորավարժությունների, բայց ոչ ՆԱՏՕ:
Կապ չունի, որ 3-4 անդամ-երկիր մասնակցում են:
Բ. ՀՀ մասնակցության համար որևէ վերջնական հայտարարություն չի եղել, ըստ այդմ, կասկածելի է:
Ավելի լավ է ստուգեք դրա իսկությունը: