Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ոչ թե դպրոցի տնօրենների կուսակցականացում է, այլ կուսակցական շահագործում». Սերոբ Խաչատրյան

Սեպտեմբեր 01,2017 20:03

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը չէր ուզենա, որ կրթության ոլորտում փոփոխություններ իրականացնելիս կրկին գնայինք սխալ ճանապարհով, և փոփոխությունները նորից փակ կաբինետներում մշակվեին:

«Հոդված 3»  մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Խաչատրյանը վստահեցրեց, որ այդ փոփոխությունների համար պետք է լինի հանրային քննարկում:

Դառնալով դպրոցական խորհուրդների աշխատանքին` պարոն Խաչատրյանն ասաց. «Խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը ճնշումների է ենթարկում, և չէի ասի, որ դա դպրոցի տնօրենն է: Վերևները գցում են տնօրենների վրա, բայց ոչ մեկ չի ասում, որ մենք վատ ենք աշխատում»:

«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան», Կրթության ծրագրի պատասխանատու Լիլիթ Նազարյանը կրթությանը հատկացվող գումարի վերաբերյալ բանաձևը ձևական է համարում. «Այն կրկին հենված չէ որակյալ կրթություն ապահովելու գաղափարի վրա»:

Լիլիթ Նազարյանը տեղեկացրեց` իրենք առաջարկել են, որ խորհուրդներում գործադիր և համայնքային իշխանությունների ներկայացվածությունը սահմանափակվի մեկ անդամով. «Խորհրդի ութի անդամների շարքում երկու ձայն ունեցող ծնողը, եթե անգամ ամենաազնիվ ծնողն է, հնարավորություն չի ունենա ազդեցություն ունենալ որոշումների ընդունման վրա: Գործադիրն ու համայնքային իշխանությունները պետք է միասնական մեկ ներկայացուցիչ ունենան կառավարման խորհրդում: Կազմը պետք է բաղկացած լինի մասնագիտական հմտություններ ունեցող անձանցից և դպրոցի ուսուցչական անդամներից, որպեսզի որակյալ որոշում կայացվի»:

Լիլիթ Նազարյանը նշեց, որ դպրոցներում գոյություն ունեցող խնդիրների` ծնողական համայնքի ուժերով լուծման լավ փորձեր կան: Օրինակ`Ախթալայում հասել են նրան, որ դրամահավաք չկա:

ՀՀ ԱԺ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արարատ Միրզոյանը փոփոխությունների առումով լավատես չէ, նա մի շարք անհանգստացնող միտումներ է տեսնում, օրինակ այն, որ ողջ աշխարհում գնում է դպրոցի աշխարհիկացման գործընթաց, մինչդեռ մեզ մոտ ավելի ու ավելի դեպի ծխականի է գնում. «Եթե պետք է դպրոցում կրոնի պատմությունն ուսումնասիրվի որպես հասարակական երևույթ, մեզ մոտ որոշ դեպքերում այն քարոզի աստիճանի է հասել»:

Արարատ Միրզոյանն արձանագրեց, որ դպրոցների տնօրենների և ուսուցչական կազմի քաղաքականացումը ցավալի, բայց նաև համակարգային երևույթ է. «Աշխատանքային ժամերին կուսակցական գործունեությամբ չզբաղվելու արգելքը քայլ առաջ է, բայց դա լուծում չէ: Շատ կուզեի, որ մի խումբ ուսուցիչներ ոտքի կանգնեին ու արհմիութենական շարժման տիպի բան անեին: Այդ խնդիրը վերաբերում է ոչ միայն կրթության ոլորտին, այլև ողջ կառավարման համակարգին: Դրա լուծումը համալիր է, և ժողովրդի շահերը սպասարկող իշխանությունների ձևակերպման ճանապարհով գնալն է, որից հետո ոլորտ առ ոլորտ կիրականացվեն փոփոխությունները:

Սերոբ Խաչատրյանի կարծիքով` այն, ինչ արվում է, ավելի դաժան է, քան կուսակցականացումը: Ըստ պարոն Խաչատրյանի` դպրոցի տնօրեններն ունեն նաև ՀՀԿ-ից բացի ուրիշ այլ կուսակցությունների անդամակցելու, կամ անկուսակցական մնալու այլընտրանք, սակայն նրանց թույլ չեն տալիս օգտվել դրանից. «Սա ոչ թե կուսակցականացում է, այլ կուսակցական շահագործում: Չէի ուզենա, որ կրթության նախարարությունը որոշեր ապակուսակցականացնել դպրոցները: Ազատությունը պետք է նվաճել, ոչ թե որպես պարգև ստանալ: Օրինակ, եթե օրենքով նորմ ընդունվի, որով արգելվի տնօրենների կուսակցականացումը, ես դա լուծում չեմ համարի, քանի որ այդ դեպքում իրենք նույն կերպ կմանիպուլացնեն անկուսակցական տնօրենին: Լուծումն այն է, որ հարյուր, երկու հարյուր տնօրեն  և մի քանի հազար ուսուցիչներ ոտքի կանգնեն ու ասեն, որ չեն ուզում այդ խաղերին մասնակցել»:

Լիլիթ Նազարյանը թերահավատ է, թե մի խումբ ուսուցիչներ ոտքի կկանգնեն և այդ հարցին լուծում կտան, քանի որ ըստ նրա` ուսուցիչն ամենախոցելի խավն է»:

Անդրադառնալով հասարակության շրջանում կրթության ոլորտի փոփոխություններն ընդունելու պատրաստակամությանը` Սերոբ Խաչատրյանը նկատեց`այս հարցում ամենալուրջ խնդիրն այն է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ մտածում է իր երեխայի կրթության մասին, մինչդեռ կրթությունն ունի բումերանգի էֆեկտ. «Շատերը մտածում են երեխային տանել քիչ թե շատ լավ դպրոց, հետո Ամերիկյան համալսարան, որից հետո կամ Հայաստանում լավ աշխատանքի կանցնի, կամ կմեկնի արտերկիր»:

Ըստ փորձագետի` ոլորտում փոփոխություններ իրականացնելու երկու ձև կա` կամ ՀՀ-ում իշխանությունը մի օր այլևս չի վախենում իշխանություն կորցնելուց և գնում է որոշակի քայլերի, կամ հասարակությունն է դիմադրում ու պայքարում:

Այս համատեքստում փորձագետը հիշեցրեց այն, որ երբ 1996-ին մարզպետներին տվեցին իրավունք, կրթության ոլորտում գործելու ազատություն, հիմա տեսնում ենք, թե դա ինչ պատուհաս է դարձել: Ըստ պարոն Խաչատրյանի` նույնն էլ լինելու է այն դեպքում, երբ դպրոցի տնօրեններին տրվի այդ ազատությունը:

Ըստ կրթության փորձագետի` ներկայումս կրթական համակարգը փոխվել է, սակայն մտածելակերպը մնացել է հինը: Բայց միանշանակ է այն, որ ի տարբերություն այսօրվա` խորհրդային միության տարիներին կրթական համակարգն ուներ հստակ տեսլական, իսկ ուսուցիչը`  հեղինակություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930