2015թ. Նորք Մարաշում վնասազերծված` Արթուր Վարդանյանի ղեկավարած «զինված խմբի գործով» հերթական դատական նիստում այսօր ցուցմունք տվեց մեկ այլ վկա՝ Կարեն Խաչատրյանը, որը եւս այս գործից անջատված մասով մեղադրյալ է հանդիսանում: Նա ներկայացավ որպես ազատամարտիկ, դատարանին հայտնեց, որ խմբի անդամների հետ առնչվել է իր մարտական ընկերոջ՝ Էդուարդ Ներսիսյանի միջոցով, որի հրավերով գնացել է Նորք Մարաշում գտնվող տունը: Էդուարդ Ներսիսյանը եւս այս գործով մեղադրյալ է:
Այս վկան տեղեկություններ չուներ այն մասին, որ ամբաստանյալ Արթուր Վարդանյանի ղեկավարած խումբը հանցավոր է, որ զենք-զինամթերք է պահել եւ հարձակումներ ծրագրել: Խաչատրյանը տեղեկացրեց, որ այդ տանը հավաքված են եղել զոհված ազատամարտիկների զավակներ, այդ թվում՝ Արթուր Վարդանյանը, որի հետ ծանոթացել է, սեղան նստել:
Խմբի կողմից իշխանափոխություն իրականացնելու եւ նախագահի ինքնաթիռը խոցելու մասին տեղեկություններ Կարեն Խաչատրյանը եւս չուներ: «Կածեգորիկ» կերպով տեղյակ չեմ եղել…բանտում նստած՝ հեռուստացույցով եմ իմացել, որ հանցավոր խումբ է: «Կամեռ»-ից մարդիկ ասում էին՝ էս ի՞նչ խմբի հետ ես դու կապված եղել…»,-զարմացած պատմեց Կարեն Խաչատրյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Արթուր Վարդանյանի հետ խոսել է Սիրիական հակամարտության մասին, իմացել, որ Վարդանյանը մասնակցել է Քեսաբի ազատագրմանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ