Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ի թանկարժեք եւ վիճահարույց կենտրոնն այլեւս Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարան. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 01,2017 19:22

Պետական եկամուտների կոմիտեի համար Դիլիջանում կառուցված թանկարժեք կենտրոնն այսուհետ կլինի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան: Այս աղմուկ հանած կենտրոնի կառուցումը, որի համար տարբեր հաշվարկներով 26 միլիարդ դրամ է ծախսվել, մեծ աղմուկ բարձրացրեց:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետներն ուսումնասիրել էին Դիլիջանում ՀՀ Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի վրա կատարված ծախսը:

Ըստ նրանց զեկույցի` լոգասենյակները հանդերձավորվել են «լյուքս» դասի հյուրանոցներին վայել օճառամաններով, հայելիներով ու աղբամաններով, որի նպատակով պետբյուջեից 37 միլիոն դրամ է վճարել «Իդեալ» ու «Կերամիկա» խանութների ցանցը ներկայացնող «Իմեքս գրուպ» ընկերությանը: Մատակարարն ընտրվել էր առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից գնման եղանակով:

Կենտրոնը, բացի գիտաժողովների ու քննարկումների վայր լինելուց, պետք է ունենար նաև հանգստի գոտի՝ Ֆինանսների նախարարության ու այլ կառույցների աշխատակիցների համար։ Կենտրոնի կառուցման համար բյուջեից, ընդհանուր առմամբ հատկացվել է 13․5 միլիարդ դրամ: Կենտրոնը կառուցվել էր ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման շրջանում:

Աղմուկից հետո շենքը հանձնվեց Պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը: Հունվար ամսին, հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ այդ շինությունը կտրամադրվի ՊՆ-ին եւ այնտեղ կտեղակայվի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը:

 

Դրանից հետո մամուլում կրկին աղմուկ բարձրացավ`թե յոթ աստղանի հյուրանոցին համարժեք այդ շինությունը չի կարող զինվորներին կրթօջախ ծառայել:

 

ՊՆ-ից պարզաբանեցին, որ այն պետք է վերափոխվի եւ հարմարեցվի ռազմական վարժարանի պահանջներին:

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը մասնակցեցին ռազմական վարժարանի բացման արարողությանը: «Անցյալ տարի նոյեմբերի 15-ին առիթ ունեցա այցելել Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարան: Ես տպավորված էի այնտեղ կատարվող աշխատանքով, սակայն նույնչափ մտահոգված վարժարանի շենքային պայմաններից: Անհրաժեշտություն եղավ շատ արագ լուծելու Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական համալիրի շենքային լավ պայմաններ ունենալու խնդիրը: Այդ օրերին մեր հասարակությունում լայն քննարկում էր գնում, թե ինչ անել Դիլիջանի հիասքանչ համալիրի հետ, որտեղ դեռ շինարարական աշխատանքները չէին ավարտվել և կառուցվում էր պետական եկամուտների կոմիտեի կողմից ուսումնական կենտրոն: Իմ մտքում ծագեց մի գաղափար, որ սա պետք է լինի հենց Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանը: Այդ առաջարկով դիմեցի Հայրապետության նախագահին: Նա շատ արագ ոչ միայն տվեց իր համաձայնությունը, հանձնարարեց մշակելու այս ծրագիրը և կյանքի կոչելու այն: Մեր հասարակության մեջ քննարկումները միանգամից դադարեցին և կարծում եմ բոլորը մեծ ուրախությամբ ընդունեցին, որ հենց Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն է լինելու այս համալիրում: Այդ օրվանից շատ մարդիկ ամենօրյա աշխատանք են կատարել, որպեսզի ստեղծվեն այնպիսի պայմաններ, ինչպիսիք կան այսօր»,- իր խոսքում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ իր պայմաններով այս համալիրը չի զիջում տարբեր երկրներում իր տեսած այսօրինակ կառույցներին:

Ուսանողներին էլ պատվիրեց. «Եղեք այս ամեն ինչին համապատասխան, շարունակեք բարձրացնել Մոնթեի անունը, որովհետև այդ անունը ձեր ուսերին է: Մոնթե նշանակում է բարձրանալ վերև: Այնպես է ստացվել, որ այս վարժարանը բարձունքի վրա է, բարձունքը ձերն է, բայց շատ կարևոր է, որպեսզի բարձունքը չլինի վերջնակետ, այլ լինի ճանապարհ ավելի մեծ հաղթանակների: Մեր կարգախոսն է ճանապարհ դեպի բարձունք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930