Այս ուսումնական տարում Արցախի պետական համալսարանի առկա բաժին է ընդունվել 373 ուսանող: Նախորդ տարի առաջին կուրս ընդունված ուսանողների թիվը կազմել է 483: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը:
Նրա խոսքով ուսանողների թվի նվազումը պայմանավորված է այս տարի դպրոցական շրջանավարտների քիչ թվաքանակով:
‹‹Մասնագիտությունների ընտրության հարցում ցավոք որևէ էական փոփոխություն չկա: Ամենամեծ խմբերը շարունակում են լինել իրավագիտության, ֆինանսներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ ֆակուլտետներում: Վերջինիս մասով աշխուժացումը շատ ողջունելի է, որովհետև այդ մասնագետների կարիքը կա››,- առաջին կուրսեցիների ընտրած մասնագիտությունների վերաբերյալ պարզաբանումներ է տալիս համալսարանի ռեկտորը:
Մ.Մինասյանը նշում է, որ պասիվություն կա քաղաքագիտություն մասնագիտության ընտրության հետ. ‹‹Բնագիտական մասնագիտությունների մասով որոշակի դրական տեղաշարժ ունենք ֆիզիկայի և մաթեմատիկայի գծով, բայց ոչ քիմիայի: Արդեն երկրորդ տարին է մենք քիմայի առկա համակարգում խմբեր չենք ունենում››:
Անդրադառնալով մագիստրատուրայում սովորող ուսանողներին ԱրՊՀ ռեկտորը նշում է, որ կան ձևավորված խմբեր , բայց քիչ են և դա բնական է , քանի որ բակալավրիատն ավարտած ուսանողները հասկանում են, որ մագիստրատուրայում պետք է սովորի այն անձը, ով պետք է հետագայում զբաղվի գիտությամբ:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ