Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը:
Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն հայտնեց Հայկարամ Մխիթարյանին, որը երկար տարիներ ծառայություն է մատուցել մեր երկրին և կառուցողական աշխատանքներ իրականացրել արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում:
Օգոստոսի 29-ին ԱԻ նախարարի հրամանով Հ.Մխիթարյանը նշանակվել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետ.
- Իմ խորին համոզմամբ՝ գիտնական-հետազոտողների միտքը պետք է ազատ լինի վարչարարական խնդիրներից, իսկ պարոն Մխիթարյանը երկար տարիներ հաջողությամբ համակարգել է այդ ոլորտը և կարող է իր կառավարչական հմտություններով ավելի զարգացնել ու բարելավել այն,- նշեց Դ.Տոնոյանը:
ՀՀ ԱԻ նախարարը «Փառքի խաչ Նոյ» մեդալով պարգևատրեց Հ.Մխիթարյանին՝ ԱԻՆ համակարգի կայացման գործում ներդրած ավանդի և երկարամյա անբասիր աշխատանքի համար:
Խորհրդակցությանը ՀՀ ԱԻ նախարարը ներկայացրեց նաև ԱԻ նորանշանակ փոխնախարար Արա Նազարյանին.
- Ձևավորվում է թիմ, որը կոչված է լինելու առավել մեծ արդյունավետությամբ լուծելու նախարարության առջև դրված խնդիրները, քանի որ այս կառույցը մեր հայրենիքին չափազանց կարևոր ծառայություն է մատուցում:
Նորանշանակ փոխնախարարն իր խոսքում հավաստեց, որ իր համար մեծ պատիվ է աշխատանքի անցնել ԱԻՆ համակարգում և, նա իր փորձառությունը գործի կդնի ԱԻ նախարարության առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համար:
Ա.Նազարյանը համակարգելու է ՀՀ կառավարության և Ազգային ժողովի հետ կապված գործառույթների իրականացումը և ԱՌՆ կրթության ոլորտը:
Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց փրկարար ծառայությանը՝ վերջին օրերին գրանցված խոշոր հրդեհների դեմ պայքարում համախմբված և անձնվեր ծառայության համար:
ԱԻՆ