«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը այսօրվանից դասադուլներ ու գործադուլներ սկսելու նախաձեռնության սկիզբ է դրել:
Նախաձեռնության անդամները facebook-ում իրադարձություն են ստեղծել՝ առաջարկելով այսօրվանից ուսանողներին ու դպրոցականներին տանը մնալ դասաժամերին և խմբերով տանը կամ այլ վայրում սովորել իրենց առարկաները, իսկ երեկոյան իջնել Ազատության հրապարակ՝ քննարկելու այդ ուսումնական հաստատություններում դասադուլի վիճակը: Ըստ նրանց՝ ամեն ֆակուլտետից պետք է լինի մի խումբ, որը կհամակարգի դասադուլավորների գործողությունները:
Իսկ սեպտեմբերի 17-ին նախատեսվում է համաժողովրդական հանրահավաք՝ ինչպես որ աշխարհի տարբեր 32 քաղաքներում, այդ թվում՝ Երևանում Գյումրիում և Վանաձորում:
Հետաքրքրական է, որ այս նախաձեռնության անդամները խուսափում են ներկայանալուց: Aravot.am-ի հարցմանը, թե ովքեր են նախաձեռնության անդամներն ու կազմակերպիչները, «Մենք ենք տեր մեր երկրի» facebook-ի օգտատերը չպատասխանեց, իսկ մեր հարցերին ի պատասխան էլ ասաց, որ իրենք միայն մեսենջերով կարող են պատասխանել հարցերին, բայց մեր գրավոր հարցերին այդպես էլ չպատասխանեց:
Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ ծանոթ չէ նախաձեռնության անդամներին, ասաց՝ նրանք երբեւէ չեն ներկայանում: Շահեն Հարությունյանը հիշեցրեց, որ անցած տարվա ապրիլի 23-ին այս նախաձեռնության անդամները ցույցեր էին կազմակերպել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, Բաղրամյան 26-ից սկսեցին ու լուրջ սադրանքներ ու բախումներ տեղի ունեցան այդ ակցիայի ժամանակ:
Շահեն Հարությունյանը կասկածներ ունի, որ գուցե հենց իշխանությունից ուղղորդված շարժում է. «Մենք չգիտենք՝ ովքեր են հեղինակները, նախաձեռնողները, չենք մասնակցում նրանց ակցիաներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ