Սեպտեմբերի 1-ին Շահումյանի շրջանում Արցախի եւ Հայաստանի Նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:
Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ այս ճանապարհը սոսկ տրանսպորտային ենթակառուցվածք չէ, այլ կարեւորագույն շնչերակ, որն ավելի ամուր կկապի Արցախը Մայր Հայաստանի հետ եւ կնպաստի մեր հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող մի շարք խնդիրների լուծմանը:
<<Ճանապարհի կառուցումը Արցախում իրականացված խոշորագույն ներդրումային ծրագրերից է, որը կյանքի է կոչվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով, համայն հայության ակտիվ մասնակցությամբ>>,- նշել է Բակո Սահակյանը՝ երախտագիտություն հայտնելով մայրուղու կառուցմանը գործուն մասնակցություն ունեցած բոլոր կազմակերպություններին ու անհատներին:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձիք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից, հյուրեր արտերկրից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ