Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՎԾ. Հայերը սկսել են ժամանակակից հակաբեղմնավորիչներ ավելի շատ օգտագործել

Սեպտեմբեր 01,2017 18:20

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտություն 2015-2016թթ» զեկույցը, որտեղ ներկայացված են բնակչության առողջության վերաբերյալ տվյալները:

Ըստ այս զեկույցի ամփոփ տարբերակի, Հայաստանում ընտանիքներն ավելի առողջ են դառնում:

Հետազոտության տվյալներով՝ 15-49 տարեկան ամուսնացած 10 կանանցից 6-ն օգտագործում է հակաբեղմնավորման որեւէ մեթոդ: Ընդ որում, նրանց՝ 28 %-ը՝ օգտագործել է հակաբեղմնավորիչներից որեւէ ժամանակակից միջոց, իսկ 29 %-ը՝ որեւէ ավանդական մեթոդ: Ժամանակակից մեթոդների օգտագործման մակարդակը 2005 թվականի 20 %-ից 2015-2016 թվականներին աճել է մինչեւ 28 %:

Հակաբեղմնավորիչներից՝ տղամարդու պահպանակ օգտագործել է 15%-ը, ներարգանդային միջոցները՝ 9%-ը, հաբերը՝ 3%. սրանք հակաբեղմնավորման ամենատարածված ժամանակակից մեթոդներն են:

Ու չնայած, ըստ զեկույցի, հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդների օգտագործման մակարդակի աճի, ավանդական մեթոդների կիրառումն էլ քիչ չէ, օրինակ՝ ընդհատված սեռական հարաբերությունը 25 % է, իսկ, ինչպես զեկույցում է գրված՝ ռիթմիկ մեթոդը՝ 4 %. սրանք ավանդական հակաբեղմնավորման դեռեւս տարածված մեթոդներ են:

Զեկույցի համաձայն, Հայաստանում երեխաների մեծամասնությունը ստանում է բոլոր հիմնական պատվաստումները: Օրինակ՝ 24-35 ամսական երեխաների 89 %-ը ստացել է հիմնական պատվաստումները: Հիմնական պատվաստումների ընդգրկվածությունը գյուղական բնակավայրերում մի փոքր ավելի բարձր է, քան քաղաքային բնակավայրերում: Օրինակ՝ գյուղերում այդ ցուցանիշը 93 % է, իսկ քաղաքային բնակավայրերում՝ 86 %: Զեկույցում նշված է, որ Հայաստանում երեխաների 1 %-ը չի ստացել որեւէ տեսակի պատվաստում:

«Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտություն 2015-2016թթ» զեկույցի արդյունքներով՝ Հայաստանում սակավարյունության տարածվածությունը կանանց եւ երեխաների շրջանում նվազել է:

Կանանց շրջանում սակավարյունության մակարդակը նախորդ տարի նվազել է 2005 թվականի համեմատ: 2005-ին կանանց շրջանում սակավարյունության մակարդակը 21 % է եղել, իսկ 2015-16 թվականներին այս ցուցանիշը դարձել է 13 %:

Մարզերում բնակվող կանանց սակավարյունության մակարդակն ամենացածրն արձանագրվել է Արմավիրի մարզում, այստեղ 7 % է, իսկ ամենաբարձրը՝ Գեղարքունիքի մարզում է՝ 39 %:

Երեխաների շրջանում նույնպես նվազել է սակավարյունության մակարդակը: Այսպես՝ 2005 թվականին այդ ցուցանիշը 33 % էր, իսկ 2015-2016-ին այն կազմում է 16 %: Գեղարքունիքի մարզի երեխաների մոտ սակավարյունության տարածվածությունն ամենաբարձրն է, ի տարբերություն այլ մարզերի. Այստեղ այդ ցուցանիշը 49 % է, իսկ ամենացածրը Արմավիրի մարզի երեխաների շրջանում է՝ 7 %:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930