Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայրենիք է վերադարձել հենց զինծառայության նպատակով

Սեպտեմբեր 01,2017 17:33

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

Պաշտպանության բանակի շարքերում քիչ չեն այն տղաները, ովքեր զինվորական ծառայությունից ազատվելու հիմնավոր պատճառներ ունենալով, ոմանց համար որքան էլ որ  դժվար հասկանալի, բայց պատրաստակամություն են հայտնում և ինքնակամ ներկայանում ծառայության՝ իրենց նվիրական պարտքը կատարելով Հայրենիքի հանդեպ: Նրանցից մեկն էլ Գուրգեն Ռուբենի Մարգարյանն է, ում հանդիպեցինք ՊԲ գնդապետ Սամվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքերում:

Նա ծնվել է 1995 թվականի ապրիլի 28-ին Երևանում: Վեց տարեկանից ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնության Ռոստով քաղաք, որտեղ և ապրել է նախքան զորակոչվելը: Հայրենիք է վերադարձել հենց զինծառայության նպատակով և 2016 թվականի հունվարից բարեխղճորեն կատարում է իր ծառայողական պարտականությունները` հանդես գալով որպես վստահելի ընկեր ու օրինակելի դիրքապահ:

Ավելի քան մեկուկես տարի է, ինչ շարքային Գուրգեն Մարգարյանը ծառայում է Պաշտպանության բանակում և բավականին մեծ փորձ ունի դիրքապահի պարտականությունների կատարման բնագավառում: Առաջադրված մարտական խնդրի բարեհաջող կատարման համար առաջին հերթին կարևորում է յուրաքանչյուր զինծառայողի մասնագիտական պատրաստվածությունն ու պարտականությունների իմացությունը: Այդ նպատակով վերադաս հրամանատարությունը պարբերաբար զրույցներ է ունենում անձնակազմի հետ, անհրաժեշտ հրահանգավորումներ կատարում, որպեսզի մարտ վարելու անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուրը հստակորեն կատարի իր պարտականությունները:

Ինչպես պարզվեց շարքային Գուրգեն Մարգարյանի հետ զրույցից, նա հստակ գիտակցում է իր և մյուս տղաների կատարած գործի կարևորությունը` ընդգծելով. «Առաջադրված խնդիրներին համապատասխան` անընդհատ դիտարկումներ ենք իրականացնում և արդյունքների մասին պարբերաբար զեկուցում վերադաս հրամանատարությանը: Վերջին շրջանում հակառակորդի դրսևորած ակտիվության պայմաններում, երբ կիրառում են տարբեր տեսակի զենքեր, հատկապես հրետանային զինատեսակներ, կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր գործողությունից առաջ, մանավանդ թշնամու թիկունքում կատարվող տեղաշարժի ժամանակին հայտնաբերումն ու հրամանատարությանն իրազեկելը:

Քանի որ հակառակորդը հետախուզադիվերսիոն գործողություները հիմնականում իրականացնում է գիշերային պայմաններում, ապա առանձնահատուկ ուշադրությամբ ենք կատարում մեր պարտականությունները գիշերային կամ սահմանափակ տեսանելիության պայմաններում, որպեսզի կարողանանք ժամանակին հայտնաբերել հակառակորդին և կատարել մեր պարտականությունները»:

Գուրգենն իր խոսքում վստահեցրեց նաև, որ մասնագիտորեն և հոգեբանորեն պատրաստ են կատարելու հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը:

Խոսելով զինծառայության և մասնավորապես, մարտական հերթապահության կրման մասին` շարքային Մարգարյանը կարևորեց նաև կոլեկտիվի միասնականությունը, միմյանց նկատմամբ վստահությունն ու ընկերական վերաբերմունքը: Սրանք այն անհրաժեշտ նախապայմաններն են, առանց որոնց տղաներն իրենց առաջադրված խնդիրները կատարել չեն կարող, որքան էլ լավ տիրապետեն պարտականություններին:

«Ժամանակի ընթացքում տղաների միջև ստեղծվել են ընկերական այնպիսի հարաբերություններ, որ կարծես թե բոլորս գործում ենք մեկ մարդու պես: Կարծում եմ` առանց ընկերական վերաբերմունքի, առանց իրար հասկանալու չենք կարող լիարժեքորեն կատարել դիրքապահի պարտականությունները: Բոլոր դիրքապահներն էլ գիտակցում են, որ սա այն վայրը չէ, որտեղ կարող են դրսևորվել անձնական-եսասիրական մղումներ` դրանով իսկ վտանգելով և՜ մեր կյանքը, և՜ մեր ժողովրդի անվտանգությունը»,- նշում է շարքային Գուրգեն Մարգարյանը`  հավելելով, որ տղաների միջև առկա ջերմ ընկերական հարաբերությունները թույլ են տալիս հաղթահարել դիրքերում ծագած բոլոր դժվարությունները և վստահորեն կատարել հայրենիքի հանդեպ պարտքը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930