Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերգեյ Բագրատյանը` կառավարության ներկայացուցչին. «Տուգանքների երկիր ենք դարձել»

Սեպտեմբեր 01,2017 16:21

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր բուռն քննարկման առարկա դարձավ կառավարության առաջարկած Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Փոփոխությունը վերաբերում է մանկապարտեզներում, սնունդ տրամադրող դպրոցներում, հատուկ (այդ թվում՝ մասնագիտական) կրթական եւ երեխաների խնամքի հաստատություններում պետական վերահսկողությանը: Փոփոխվում է վերահսկողություն իրականացնող պետական մարմինը, սահմանվում են տուգանքներ`աշխատավարձի 20-ապատիկից 30-ապատիկի չափով: Համաձայն առաջարկի, տուգանվելու է ոչ թե տվյալ ընկերությունը, այլ գործադիր տնօրենը կամ մեկ այլ պաշտոնատար անձ: Պատգամավորները տարակուսեցին, թե ինչո՞ւ է պետությունն իր վրա վերցնում ընկերության հիմնադիրի գործառույթները: «Հիմնադիրը թող որոշի`ով է ներսում սխալ աշխատել ու նրան վերագրի տուգանքը»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը եւս համամիտ է այս դիտարկման հետ:

«Ձեր գրած օրենքով ում ասես, երբ ասես կարելի է տուգանել, կարելի է միշտ էլ մի բան գտնել: Հնարավոր չէ՞ նախազգուշացնել, հետո տուգանել: Տուգանքների երկիր ենք դարձել»,- իր անհամաձայնությունները շարունակեց Սերգեյ Բագրատյանը:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն, որը ներկայացնում էր հարցը, չհամաձայնեց Սերգեյ Բագրատյանի եւ Արամ Սարգսյանի դիտարկումներին, թե տուգանքների չափերը մեծ են: Նա հավաստիացրեց, որ մինչ տուգանքին հասնելը զգուշացումներ եւ նախազգուշացումներ միշտ էլ արվում են. դա ամրագրված է այլ օրենքով: Տուգանքի չափն էլ`ասաց, իջեցվել է արդեն`նախկին գումարման խորհրդարանում այս նախագծի քննարկումների ժամանակ:

Սերգեյ Բագրատյանը մնում է իր կարծիքին. «Սա բավական բարդ մեխանիզմ է դառնալու, չդառնա կացին`աշխատողի գլխին»:

Արամ Սարգսյանը եւ Միհրան Հակոբյանը շեշտադրում արեցին`կանխարգելիչ մեխանիզմներ գտնելու վրա:

Խոսրով Հարությունյանն առաջարկեց առաջիկայում անդրադառնալ այս հարցին`«կոնցեպտուալ լուծումներ» գտնելու համար: Մինչ այդ, նախագիծը կներկայացվի խորհրդարանի դատին`առաջին ընթերցմամբ ընդունելու համար:

Մի քանի օր հետո մեկնարկելի նստաշրջանում քննարկման կդրվի նաեւ Հարկերի մասին եւ ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու հարցը: Ըստ այդմ, յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ առկա hաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներին գերազանցելու դեպքում, գերազանցող մասը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ պետական բյուջե: Հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում վերադարձվել կամ հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց: Նշյալ գումարները վերադարձվում են հարկ վճարողին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում:

«Վերջին շրջանում կառավարությունը դրական քայլեր է անում` ձեռներեցության վրա դրական ազդեցության մասով»,- դիտարկում արեց Խոսրով Հարությունյանը:

Ընդդիմադիր պատգամավորները գլխի շարժումով համաձայնեցին այդ դիտարկման հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930