2015թ. Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով հերթական դատական նիստում այսօր ցուցմունք տվեց մեկ այլ վկա՝ Աղասի Մարտիրոսյանը, որը եւս այս գործից անջատված մասով մեղադրյալ է հանդիսանում: Նա անտրամաբանական որակեց խմբի անդամներին վերագրվող մեղադրանքն առ այն, որ վերջիններս Արթուր Վարդանյանի գլխավորությամբ մտադրվել են նռնականետով խոցել ՀՀ նախագահի ինքնաթիռը: Ասածն ավելի պատկերավոր ձեւով նկարագրելու համար ձեռքերը թափ տալով նշեց. «Էտ նռնականետը 250 մետրից էն կողմ չի խփում…Ինչքան գիտեմ՝ 33 հոգի ա էս գործով ձերբակալվել, 4 կետ պետք է գրավեին: Լավ, դե Տեր հայրն էլ(նկատի ունի գործով մեկ այլ մեղադրյալ Հայր Անտոնին.-խմբ) կարող է չմասնակցել, իրեն չհաշվենք…նրանք 14 միավոր զենք-զինամթերք են ունեցել, այսինքն, բոլորին զենք չի հասնի: Հիմա ԱԱԾ-ում քանի՞ դուխով տղա կգտնվի, որ առանց զենքի մտնի նախագահական…անտրամաբանական ա էլի էս ամեն ինչը: Մի հատ նայեք՝ ո՞վ ա իրենցից Ռեմբոյին նման…»:
Մեղադրող դատախազների հարցերին ի պատասխան Աղասի Մարտիրոսյանն ասաց, որ Նորքի տանը զենք-զինամթերք չի տեսել, զինված հեղաշրջման մասին Արթուր Վարդանյանից որեւէ բան չի լսել: Ապա դատախազը հակասություններ գտավ եւ հրապարակեց Մարտիրոսյանի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ Արթուր Վարդանյանը մտադրվել է զինված հեղաշրջում անել ու ասել է, որ «զենքի հարցը լուծված է»:
Դատավարության կողմերի համար Մարտիրոսյանն այդպես էլ չհստակեցրեց՝ իր նախաքննական ցուցմունքը հաստատո՞ւմ է, թե ոչ: Ապա խոստովանեց, որ իրեն սպառնացել են: Դատավորի հարցերին ի պատասխան նա ասաց, որ իրեն սպառնացել է ԱԱԾ պետի տեղակալ Եպիսկոպոսյանը. «Ասեց՝ կամ գրում ես, կամ…»,-ու ձեռքերի ափերը հարվածեց իրար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ