Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Վարդանյանը կապեր է ունեցել «Երրորդմասցի Լյովիկի» եւ «Հիզբալլահ» շարժման առաջնորդի հետ». վկա

Սեպտեմբեր 01,2017 14:37

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Զինված խմբի գործով» հերթական դատական  նիստն է: Նորք Մարաշում 2015թ. վնասազերծված Արթուր Վարդանյանը մեղադրվում է հանցավոր խումբ ստեղծելու, զենք-զինամթերք պահելու համար: Որպես վկա հարցաքննվեց Լիլիթ Թորոսյանը, որն այս գործով անջատված մասով որպես մեղադրյալ է անցնում:  Նա հրաժարվեց ցուցմունք տալուց եւ հարցերի պատասխանելուց, ուստի դատախազները հրապարակեցին նրա նախաքննական ցուցմունքները:

Ըստ դրանց՝ Լիլիթ Թորոսյանը, որը լրագրող է, ասել է, թե Արթուր Վարդանյանի կողմից հանցավոր խումբ ստեղծելու տեղեկություններ չի ունեցել, զենք ձեռք բերելու եւ ՀՀ-ում զինված հեղաշրջում անելու, Նորք-Մարաշում բնակարան վարձելու եւ այնտեղ զենք պահելու մասին եւս տեղյակ չի եղել:

Արթուր Վարդանյանը նրան պատմել է. որ մասնակցել է Քեսաբի ազատագրմանը, իսկ Թորոսյանի միջոցով ՀՀ-ում ծանոթացել է Արցախի եւ Գուգարաց թեմերի առաջնորդների հետ, նաեւ՝ այս գործով մեկ այլ մեղադրյալ Հայր Անտոն Թոթոնջյանի հետ: «Պատմել է, որ ՊՆ-ի հետ գործակցության շրջանակում պատրաստվում էր մեկնել Սիրիա՝ տեղի հայ համայնքի պաշտպանությանն ուղղված գործողություններին մասնակցելու նպատակով: Պատմել է, որ Մոսկվայում հանդիպել է քրեական հեղինակության հետ, որն իրականում մահացած չէ, մինչդեռ բոլորը գիտեն, որ նա մահացած է: Ասել է, որ կապեր ունի «Հիզբալլահ»(լիբանանյան արմատական շիաների զինված խմբավորումը.-խմբ.) շարժման առաջնորդի հետ…Վահան Շիրխանյանի հետ ծանոթացել է Մոսկվայում: Արթուր Վարդանյանն ինձ ասել է, որ Շիրխանյանը խոստացել է կազմակերպել Վարդանյանի եւ Սեյրան Օհանյանի հանդիպումը»,-ասել է Լիլիթ Թորոսյանն իր նախաքննական ցուցմունքում:

Նաեւ նշել է, որ զինված հեղաշրջման փորձի մասին իմացել է Արթուր Վարդանյանի եւ այս գործով մեկ այլ մեղադրյալ Վահան Շիրխանյանի հետ խոսակցությունից, վախեցել է, գաղտնի ձայնագրել այն, իսկ Արթուր Վարդանյանը նրան հրահանգել է լսածի մասին ոչինչ չբարձրաձայնել, այլապես ինքը մեծ շրջապատ ունի եւ իրեն ամեն տեղ կգտնի: «Նա ասում էր, որ Երրորդմասցի Լյովիկի շրջապատի հետ է մտերիմ»,-ասված է նախաքննական ցուցմունքում:

Լիլիթ Թորոսյանը քննչական մարմիններին նաեւ պատմել է, որ Արթուր Վարդանյանը, ինչպես ինքն է ասել, ծեծի է ենթարկվել նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի «տղաների կողմից», իրեն սոցցանցով ուղարկել է կապտուկների եւ վնասվածքների լուսանկարները:

Արթուր Վարդանյանն, ըստ ցուցմունքի, Լիլիթ Թորոսյանին նաեւ հայտնել է, որ ՀՀ ինչ-որ գյուղում զորավարժություններ է կատարել, որ շուտով շատ բան է փոխվելու, որ մարդիկ սկսելու են վերջապես բարեկեցիկ ապրել:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930