Լրահոս
Օրվա լրահոսը

Երկարատև ինտրիգներից հետո Գետքի դպրոցն անվանակոչվեց գյուղի միակ գեներալի անվամբ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 01,2017 14:31

Այսօր Շիրակի մարզի Գետք գյուղի միջնակարգ դպրոցում գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ը նշելուց բացի, տոնեցին նաև դպրոցը գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի անունով կոչելը։

Արտուշ Հարությունյանը 1950-56 թվականներին սովորել է իր հարազատ գյուղի դպրոցում, նա գյուղի միակ գեներալն է եղել։ Նա մասնակցել է աֆղանական պատերազմին՝ այստեղ ստանալով «Չոռնի պալկովնիկ» մականունը, եղել է այն եզակի հայ զինվորականներից, որը ռազմական պատմության մեջ աննախադեպ երթ է կատարել․ խոսքը Պամիրի երթի մասին է։

Ինչպես պատմում է որդին՝ Արմեն Հարությունյանը, դեկտեմբեր ամսին, -40 աստիճան ցրտին Արտուշ Հարությունյանի գունդը, անցնելով 800 կիլոմետր, 10 լեռնանցք ու չկորցնելով ոչ մի զինվոր՝ մտել է Աֆղանստան և մարտերով հասել Բադախշան նահանգի կենտրոն՝ Ֆայզաբադ քաղաք։ Մի ամսից Արտուշ Հարությունյանը դարձել է գնդի հրամանատար ու երեք տարի շարունակ ղեկավարել այն։ Նրա հարազատները պատմում են, որ թշնամիները նրա գլխի համար մեծ գումարներ են խոստացել։

Արտուշ Հարությունյանը կանգնած է նաև Հայոց բանակի ստեղծման ակունքներում, 1986 թվականին նշանակվել է Սովետական Հայաստանի զինվորական կոմիսար, 1991 թվականին էլ նշանակվել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։

Որդին՝ Արմեն Հարությունյանն ասում է, որ հայրը մեր մասնակցություն է ունեցել սահմանամերձ շրջաններում նոր զորամասերի ստեղծմանը, Արցախում սկսված թեժ մարտերի ժամանակ էլ գլխավորել է Մարտակերտի հայկական զորքերը, հետո՝ Հադրութի, հարավ-արևելյան օպերատիվ ուղղություններով։

Ինչևէ, դպրոցը գեներալի անունով անվանակոչելու որոշում եղել է դեռևս 2001 թվականի հուլիսի 7-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանի օրոք, սակայն, տարիներ շարունակ այն պետական գրանցում չի ստացել։ Երկարատև քաշքշուկներից հետո այս տարվա հուլիսին նոր միայն այն պետական գրանցում է ստացել, ընդ որում Գետքի բնակիչների՝ նախագահին, վարչապետին, մարզպետին ուղղված դիմում- ստորագրահավաքով։

Գեներալի որդին ասում է՝ ինչ-որ խոչընդոտներ եղել են, սակայն չի մանրամասնում, թե ով էր խոչընդոտողը։ Սակայն գյուղի տարեց բնակիչներից մեկը՝ Զարզանդ Ալեքսանյանը պատմեց, որ խոչընդոտողը եղել է գյուղապետը՝ Հովիկ Մխիթարյանը։ Ըստ մեր զրուցակցի, թեև գյուղի դպրոցի նոր շենքը կառուցվել է գեներալ Հարությունյանի շնորհիվ, սակայն գյուղապետի ընտրությունների հետ կապված որոշակի լարվածություն է ստեղծվել գյուղապետի ու Հարությունյանների ազգուտակի միջև։ Սկզբում գյուղապետը եղել է գեներալի ազգականը՝ Արտաշ Հարությունյանը, այնուհետ գյուղապետ դարձել է Հովիկ Մխիթարյանը։ Վերջիններս միշտ մրցակցել են գյուղապետի պաշտոնի համար ու որոշակի լարվածություն է առաջացել երկու ազգերի միջև։ Գյուղապետն էլ ամեն կերպ խոչընդոտել է, որ դպրոցը չանվանակոչվի գեներալի անվամբ, թեև, ըստ մեր զրուցակցի, գեներալը բարի մարդ էր ու մեծ լավություններ էր արել գյուղապետ Մխիթարյանին։

Ի դեպ, այսօր դպրոցում կազմակերպված միջոցառմանը գյուղապետ Հովիկ Մխիթարյանը չէր մասնակցում, նրա հետ փորձեցինք կապ հաստատել հեռախոսով, սակայն նա մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930