Ամոթ, հեռացիր. Ժիրայր Սեֆիլյանի աջակիցները Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ այսպես դիմավորեցին և ճանապարհեցին Ժիրայր Սեֆիլյանի հանրային պաշտպան Մարինե Թովմասյանին:
Քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարին «Դուք իմ ներկայացուցիչը չեք, դատարանում գտնվելու իրավունք չունեք. Ժիրայր Սեֆիլյան» խորագրով պաստառով ակցիա էր իրականացնում դատարանի առաջ՝ պահանջելով հանրային պաշտպան Մարինե Թովմասյանին հրաժարվել Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանությունից:
Նա ակցիան շարունակեց նաև դատարանի դահլիճում՝ պահանջելով նրան հեռանալ դատական նիստերի դահլիճից, սակայն պարոն Գասպարիին դատական կարգադրիչները հեռացրին:
Վարդգես Գասպարին լրագրողների հետ զրույցում ասաց. «Սա դատական համակարգի խայտառակությունն է: Մնացել է մի հատ էլ հանրային ամբաստանյալի գրասենյակ բացել փաստաբանների պալատում, որ ում դատարանից հեռացնում են, վճարովի բերեն նստացնեն էդտեղ, որ քաղաքական ամբաստանյալի դերակատարություն կատարի լուռումունջ մինչև վճիռ կայացնելը»:
Դառնալով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարությանը պարոն Գասպարին արձագանքեց. «Չեմ ցանկանում՝ այդ մարդն ինձ ներկայացնի: Ո՞նց ասեմ, ինչո՞վ ասեմ: Դրանով արտահայտում եմ իմ կամքը, իսկ դա մեկնաբանվում է որպես ճնշում փաստաբանի նկատմամբ: Սա Արա Զոհրաբյանի գիտական տաղանդի արդյունքն է: Ժիրայր Սեֆիլյանը պահանջում է, որ նա իր ներկայացուցիչը չէ. իրավունք չունի այդտեղ գտնվել: Նրա քայլն իշխանության ամենակեղտոտ խաղի վերջին ֆունկցիա կատարելն է, և դա կատարվում է բարեխղճորեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ