«Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, եւ վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»,- ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի այս հայտարարության հետ կապված այսօր Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից: Մեր հարցին՝ ըստ ձեզ, ինչո՞ւ է նա կասկածի տակ դնում մեր ինքնիշխանությունը՝ նա պատասխանեց. «Գիտեք ինչ, իրեն պետք է այդ հարցերը տալ, թե ի՞նչը ինքը նկատի ուներ: Ընդունված չի, որ ես մեկնաբանեմ դեսպանի ասածները, ես չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ»:
Մեր դիտարկմանը, որ շատերը դա ԵՏՄ մտնելու համատեքստում են տեսնում՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Թե ինչ կոնտեքստում է՝ դա արդեն տարբեր ենթադրություններ են: Դեսպանի ասածը համենայնդեպս չէի ասի, որ հակասում է մեր պետական շահերին, որ նա ասել է մի բան, որին պետք է հակադարձել, էդ տեսակետից ես մեկնաբանության խնդիր չեմ տեսնում»:
Մենք փոխանցեցինք, որ ԱԳՆ-ին հաճախ մեղադրում են լուռ մնալու, ինչպես հարկն է չարձագանքելու մեջ: Հոգլանդի հայտարարությունից հետո ԱԳՆ-ն արձագանքեց, որ հրատապ բառն էր անտեղի՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Չի եղել դեպք՝ լինի կառավարության նիստից հետո կամ այստեղ, որ ես հրաժարվեմ, ասեմ՝ հարցերին չեմ պատասխանում կամ ի՞նչ է նշանակում լուռ մնալ, այդպիսի դեպք չեք գտնի: Դա հարցուպատասխանով է արվում, հայտարարությամբ է արվում, մեկնաբանությամբ է արվում, մենք միշտ էլ բաց ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ