Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կառավարության ներկայացրած մի նախագծի հետ կապված «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը դիտողություն արեց:
Քննարկվում էր ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի կառավարության միջեւ ստորագրված ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը: Արարատ Զուրաբյանին դուր չէր եկել ռեադմիսիա բառը. «Մենք ինչի՞ ենք readmition բառը վերցնում ռուսերենից, աղավաղում, հետո հայերեն գրում, եթե հայերեն թարգմանությունը չկա, հենց readmition գրեք, գրեք այն ձեւով բառը, ոնց կա, պահպանեք նույն ձեւով: Այսպես մի անգամ եւս նշել մեր ռուսական պատկանելությունը, ես կարծում եմ, որ անհրաժեշտություն չի»:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն արձագանքեց, որ այդտեղ ռուսական պատկանելություն չի երեւում. «Մենք որեւէ պատկանելություն, բացի ՀՀ-ից, չունենք, իսկ մնացածը եկեք Լեզվի պետական տեսչության հետ քննարկենք: Չեմ կարծում, որ revolution բառն ավելի հայկական ձեւակերպում է, քան ռեւոլյուցիան, չնայած այդ դեպքում հեղափոխություն բառն ունենք»:
Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն էլ պատասխանեց, որ ռեադմիսիան հանրաճանաչ տերմին է, որը նշանակում է հետվերադարձ քայլերի: Եգանյանը խորացավ հարցի մեջ, թե որն է գոյական, որն է բայ, որ ուզեցել են որպես գոյական գրել, ոչ թե որպես բայ, որը ցույց է տալիս գործողություն:
Արարատ Զուրաբյանը մնաց իր համոզմանը: Այնուամենայնիվ, հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ