Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հետ ուղարկված միգրանտների թիվը մեծանում է. այս տարի ԵՄ-ն Հայաստան է ուղարկել 544 անկանոն միգրանտ

Սեպտեմբեր 01,2017 13:25

Հայաստանի քաղաքացին Մոլդովայում կամ Մոլդովայի քաղաքացին ՀՀ-ում կարող են կես տարվա ընթացքում ընդհատումներով կամ անընդհատ գտնվել ոչ ավելի, քան 90 օր: Այսօր այդ մասին համաձայնագրի վավերացման հարցը քննարկվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ համաձայնագրի դրույթները ստանդարտ են: Ըստ համաձայնագրի, արտասահման ուղեւորվելու համար վավերական ճամփորդական փաստաթղթերն են ՀՀ քաղաքացիների համար` դիվանագիտական անձնագիրը, ՀՀ քաղաքացու անձնագիրը, ՀՀ վերադարձի վկայականը, իսկ Մոլդովայի քաղաքացիների համար՝ դիվանագիտական անձնագիրը, ծառայողական անձնագիրը, Մոլդովայի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, ճամփորդական փաստաթուղթը:

Հանձնաժողովի անդամները դժգոհեցին, որ ԱԺ ներկայացված կառավարության առաջարկը համապատասխան փաստաթղթերով համալրված չէ: Շիրակ Թորոսյանի խոսքով՝ «Բացակայում են փաստաթղթերը: Առաջ միջազգային պայմանագրերը գալիս էր, հիմնավորում էր լինում, եզրակացություններ նախարարության, ՍԴ-ի ընդգրկուն վերլուծություն, եզրակացություն եւ ԱԺ իրավական վարչության գնահատականը, այսօր ունենք ընդամենը խիստ սահմանափակ կառավարության որոշում, որ կառավարությունը հավանություն է տալիս»: Այնուամենայնիվ, հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին եւ հարցը մտավ մեծ օրակարգ:

Հանձնաժողովում քննարկվեց նաեւ ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի կառավարության միջեւ ստորագրված ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը: Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն ասաց. «Սա գործիք ծառայող փաստաթուղթ է, որտեղ սահմանվում են դետալներ, տեխնիկական հարցեր են լուծվում, մասնավորապես՝ ովքեր են կոնտակտային մարմինները, հասցեները, ֆինանսական հարցերը, ինչ ճանապարհներով պետք է իրականացվի ուղեկցումը եւ այլ գործնական բնույթի հարցեր»:

Ուշագրավ էր հետընդունման հայցերի այն թվերը, որ հրապարակեց պարոն Եգանյանը: Ըստ նրա, «եթե 2014-ին երկու հայց ենք ստացել անկանոն միգրանտի կարգավիճակում գտնվող անձանց վերադարձի վերաբերյալ, ապա 2017-ին այս պահի դրությամբ ստացվել է 57 անձի վերաբերյալ հայց: ԵՄ բոլոր երկրներից հայցեր կան, ու մեծանում է այս թիվը: Եթե անցյալ տարի 255 հայց ենք ստացել ԵՄ բոլոր երկրներից, այս տարվա դրությամբ 544 հայց կա»:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հարցրեց՝ շրջանակային կոնվենցիայից հետո բոլոր երկրների հետ պիտի ունենա՞նք նման արձանագրություն՝ Եգանյանը պատասխանեց, որ պարտադիր չի, 10 երկրի հետ ունենք նման նախաձեռնություն: Եգանյանը տեղեկացրեց, որ վիզաների ազատականացման հարցով ճանապարհային քարտեզ է մշակվում եւ դրա կարեւորագույն բաղադրիչներից է նաեւ ստանձնած պարտավորությունները ճիշտ ժամանակին կատարելը: Իսկ մենք գերազանց ենք կատարել մեր պարտավորությունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930