«Կյանքի ճանապարհը սկսվում է դպրոցից, դպրոցն այն վայրն է, որտեղ դուք ձեռք եք բերում ոչ միայն գիտելիքներ, այլև՝ մարդկային հարաբերություններ, նոր ընկերներ»,- այսօր Երևանի «Արգենտինայի Հանրապետություն» դպրոցում Գիտելիքի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Ըստ նրա, այսօրը խորհրդանշական է «Արգենտինայի Հանրապետություն» դպրոցի համար, քանի որ այս տարի դպրոցը կնշի հիմնադրման 65-ամյակը, իսկ Հայաստանի և Արգենտինայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն է լրանում. «Շատ հպարտ եմ, որ այս դպրոցի շրջանավարտ եմ և կրկնակի հպարտ եմ և ուրախ, որ արձանագրում ենք ինչպես իմ սովորելու տարիներին, այնպես էլ այսօր, որ այս դպրոցը Հայաստանի լավագույն դպրոցներից է»:
Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիանն էլ իր շնորհավորական ուղերձում առաջարկ արեց. «Այսօր Հայաստանում նշվում է Գիտելիքի օրը, բայց առաջարկում եմ նշել ոչ միայն գիտելիք, այլ նաև ընկերության ու ձեռքբերումների օր՝ մեր երկու երկրների համար։ Սա նաև մեր երկու երկրների համատեղ աշխատանքի ու համագործակցության օրն է»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ