Չնայած Հայաստանի գործընկեր որոշ երկրներում ի հայտ եկած տնտեսական ռիսկերին, այնուհանդերձ Կենտրոնական բանկը շարունակում է պահպանել լավատեսությունը ընթացիկ տարվա տնտեսական աճի նկատմամբ։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ վերջինս դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի կանխատեսումներում հերթական անգամ սպասելիքները վերանայել է աճի ուղղությամբ։ Իհարկե դա արտահայտվել է գերազանցապես նվազագույն աճի ակնկալիքների տեսքով։
Տնտեսական աճի կանխատեսման վերին սահմանը մնացել է անփոփոխ։ Այն շարունակում է պահպանել 4,8 տոկոսի մակարդակը։
Ընդ որում՝ Կենտրոնական բանկը այժմ արդեն այն համոզման է, որ ընթացիկ տարում Հայաստանի համախառն ներքին արդյունքը կավելանա առնվազն 3,9 տոկոսով։ Նախորդ կանխատեսմամբ նվազագույն սպասելիքները 3,3 տոկոսի սահմաններում էին։
Նման լավատեսությունը պայմանավորված է հատկապես առաջին կիսամյակում նախատեսվածի համեմատ արձանագրված բարձր ակտիվությամբ։ Թեեւ վիճակագրական ծառայությունը չի ամփոփել արդյունքները, այնուհանդերձ, Կենտրոնական բանկի գնահատումներով, տարեսկզբի վեց ամիսներին Հայաստանի տնտեսական աճը կտատանվի 4,6¬5 տոկոսի սահմաններում, որն ավելին է, քան պետական բյուջեով ծրագրված 3,2 տոկոս ցուցանիշը։
Տնտեսական աճի վերանայման համար ԿԲ¬ն նպաստավոր պայման է համարել մի շարք գործոններ, մասնավորապես «զբոսաշրջության մեծ աճը եւ արտահանելի ոլորտի արագ ընդլայնումը»։
Նախորդ տարվանից սկսած՝ Հայաստանը պահպանում է արտահանման բարձր ակտիվությունը։ Տարեսկզբի յոթ ամիսների տվյալներով, այն գերազանցում է 21 տոկոսը։
Արտահանման ակտիվացմանը նպաստել է հատկապես արդյունաբերությունը։ Նախկին 7,2¬8,4¬ի փոխարեն այժմ արդեն սպասելիքները 7,8¬8,6 տոկոս են։ ԿԲ¬ն իր լավատեսությունը հիմնավորել է առաջին կիսամյակում տնտեսության այս ճյուղում արձանագրված բարձր ակտիվությամբ, առավել եւս հանքահումքային ապրանքների միջազգային շուկաներում ձեւավորված գներով։ Ինչպես հայտնի է, դրանք այժմ գերազանցում են ոչ միայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այլեւ այս տարեսկզբի ցուցանիշները։
Կենտրոնական բանկը ակնկալում է, որ երրորդ եռամսյակում պղնձի միջազգային գները կամրապնդվեն։ Դրա համար նպաստավոր պայման է հատկապես Չինաստանի աճող պահանջարկը։
Իհարկե, այս առումով որոշակի ռիսկեր կան Միացյալ Նահանգների տնտեսական գործընթացներով պայմանավորված։ Պղնձի գնի նվազման հարցում, ԿԲ գնահատումներով, կարող է ճնշում գործադրել ԱՄՆ¬ում ենթակառուցվածքային որոշ ծրագրերի չեղարկումը։
Նշենք, որ վերջին օրերին միջազգային շուկայում պղնձի գինը հասել է 6,8 հազար դոլարի, ինչը նախորդ երեք տարիների ամենաբարձր գինն է։
Կենտրոնական բանկը բարձրացրել է նաեւ ծառայությունների ճյուղի ավելացված արժեքի ակնկալիքը։ Կանխատեսվում է, որ տարեվերջին այն կլինի 4,2¬4,6 տոկոսի միջակայքում՝ նախկին 3,4¬4¬ի փոխարեն։
Չնայած առաջին կիսամյակում արձանագրված անկումային վիճակին, այնուհանդերձ ԿԲ¬ն աճի սպասելիքները պահպանել է նաեւ գյուղատնտեսության ոլորտում։ Իհարկե, այս դեպքում, ցուցանիշները վերանայվել են նվազման ուղղությամբ։ Նման գնահատականի հարցում հավանաբար որոշակի դերակատարություն են ունեցել վերջին մեկ¬երկու ամիսների բնակլիմայական ոչ այնքան բարենպաստ պայմանները։ Դրանով հանդերձ, ակնկալվում է, որ գյուղատնտեսությունը տարեվերջին կապահովի 1,6¬2,4 տոկոս աճ։ Նախկին կանխատեսումներով, այն գնահատվում էր 3,6¬2,4 տոկոս։ Այլ կերպ ասած, ակնկալիքները 2 տոկոսային կետով նվազեցվել են։
Կենտրոնական բանկը առայժմ աճի սպասելիքներ չունի շինարարության ոլորտից։ Անկումը այստեղ գնահատված է 1,5¬2,4 տոկոսի սահմաններում։
Սա նշանակում է, որ Կենտրոնական բանկը լուրջ հույսեր չի կապում ոլորտը ճգնաժամից հանելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերի հետ։ Ի դեպ, դա նկատելի է նաեւ փաստացի ցուցանիշների առումով։
Տարեսկզբի յոթ ամիսների տվյալներով, տնտեսության այդ ճյուղում անկումը տատանվում է 9¬10 տոկոսի միջակայքում։ Դժվար է սպասել, որ տարեվերջի հինգ ամիսներին վիճակը կարող է արմատապես փոխվել։ Նամանավանդ դրա համար բավարար հիմքեր չեն նշմարվում։
Ս. Բեգլարյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում