Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մելանյա Առուստամյան. «Հանրային պաշտպանները հետայսու ակտիվ գործելու են, այլեւս չեն լքի դատարանի դահլիճը». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 01,2017 11:46

Հարցազրույց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար ՄԵԼԱՆՅԱ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հետ

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի դատավարությունն այդպես էլ չի մտնում իրավական հուն, մարտավարական տարբեր հնարքներով դատական նիստերը ձախողվում են: Հիմա էլ թիրախում հայտնվել եք դուք՝ հանրային պաշտպաններդ: Տարբեր մեղադրանքներ են ուղղվում. մեկ ասում են՝ ինչո՞ւ եք ներկայանում դատական նիստերին, մեկ էլ թե՝ պասիվ եք, պաշտպանություն չեք իրականացնում: Դա՞ էր պատճառը, որ որոշեցիք փոխել ձեր մարտավարությունը՝ նիստերին ներկա լինել ու իրականացնել պաշտպանություն:

-Հանրային պաշտպանների պասիվությունը՝ ներկա լինել նիստերին, բայց պաշտպանություն չիրականացնել, եղել է զուտ մասնավոր փաստաբանների հանդեպ դրսեւորվող մասնագիտական համերաշխության նշան: Մենք ուզում ենք, որ նրանք վերադառնան, մասնակցեն նիստերին ու կատարեն իրենց պարտականությունները: Եվ ի սկզբանե հանրային պաշտպանները դրսեւորեցին համերաշխության կեցվածք, ինչը նաեւ արտահայտվեց նրանում, որ մասնավոր պաշտպանների հետ միասին դուրս էին գալիս նիստերի դահլիճից:
Բայց խնդիրն այն է, որ մասնավոր փաստաբանները մարտավարություն են մշակել՝ լքել դատարանի դահլիճը, մինչդեռ հանրային պաշտպանը պարտավոր է մնալ դատարանի դահլիճում: Ի նշան այդ համերաշխության՝ հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը հայտարարեց, որ ինքը չնայած կմասնակցի նիստերին, բայց կլինի պասիվ:

Ցավոք, մեր մասնագիտական համերաշխության քայլերը ճիշտ չընկալեցին, ավելին՝ համարեցին ոչ մասնագիտական քայլ ու հանրային պաշտպանների դեմ բողոքի ալիք բարձրացրին: Վարդգես Գասպարին բողոքի ակցիա իրականացրեց Մարինե Թովմասյանի տան մոտ, սոցցանցերում խայտառակ մեկնաբանություններ գրվեցին, անձնական բնույթի վիրավորանքներ հնչեցին:
Հանրային պաշտպաններս Վարդգես Գասպարիի այս գործողությունը գնահատում ենք որպես ապօրինի միջամտություն Թովմասյանի փաստաբանական գործունեությանը:

Այս ամենից հետո հանրային պաշտպանները հասկացան, որ իրենք թիրախավորվում են, ու որոշեցինք փոխել մարտավարությունը, եւ այդ մասին տարածել ենք հայտարարություն: Հանրային պաշտպանները հետայսու ակտիվ գործելու են, այլեւս չեն լքի դատարանի դահլիճը, կմասնակցեն նիստերին, կծանոթանան քրգործի նյութերին, կանեն տարբեր միջնորդություններ:
Մասնավորաբար դատարանից կպահանջեն հետ բերել հեռացված ամբաստանյալներին, կվիճարկեն՝ իրավաչա՞փ է դատավորի քայլը, երբ անձը ոտքի չկանգնելու համար հեռացվել է դահլիճից ու այժմ, չմասնակցելով նիստերին, չի կարողանում պաշտպանել սեփական իրավունքները: Հանրային պաշտպանները նաեւ հանդես կգան ՍԴ դիմելու միջնորդությամբ, ինչն առնչվում է օրենքում տեղ գտած հակասությանը:

Ի դեպ, օրենքի հակասության մասին. մի կողմից՝ հանրային պաշտպանը պարտավոր է գտնվել դատարանի դահլիճում, քանի որ կա դատարանի որոշում, մյուս կողմից՝ ամբաստանյալները չեն ուզում, որ նա իրականացնի իրենց պաշտպանությունը: Զինված խմբի երեք ամբաստանյալները, նաեւ Ժիրայր Սեֆիլյանն առհասարակ հրաժարվել են տեսակցել որեւէ հանրային պաշտպանի հետ, բայց այս դեպքում էլ խախտվում է նրանց պաշտպանական իրավունքը: Ո՞րն է լուծումը:

– Այո, օրենքում կա երկու նորմ, որոնք միմյանց հակասում են: Քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձը պաշտպանի կարգավիճակ ձեռք է բերում մեղադրյալի համաձայնությամբ, մինչդեռ 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանը չի ընդունում ամբաստանյալի հրաժարումը պաշտպանից, ինքն է նշանակում պաշտպան կամ պահպանում է նշանակված պաշտպանի լիազորությունները:
Իսկ սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն էլ հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք: Հակասությունն ակնհայտ է:

Հիմա ստեղծվել է այսպիսի վիճակ. ամբաստանյալները հեռացված են, չեն մասնակցում նիստերին, հետեւաբար անձամբ չեն կարող իրացնել իրենց պաշտպանական իրավունքը: Նրանց կողմից ընտրված փաստաբանները դատին չեն մասնակցում՝ դատարանը երեք անգամ ծանուցում է ուղարկել, բայց նրանք չեն գալիս:
Նման իրավիճակից դուրս գալու համար դատարանն ասում է՝ հանրային պաշտպան, դու պետք է ներգրավվես գործին ու մնաս դատարանում: Իսկ դատարանի այս որոշումը պարտադիր է հանրային պաշտպանի համար, օրենքի պահանջ է, որ նրանք մնան դատարանում, բայց մասնավոր փաստաբանները մեզ ասում են՝ ինչո՞ւ եք գալիս դատարան, չէ՞ որ ամբաստանյալները չեն տվել իրենց համաձայնությունը, եւ հանրային պաշտպանները հայտնվում են շատ տհաճ կացության մեջ։

Այս իրավական անորոշությունը շտկելու համար հանրային պաշտպանները դատարանին առաջարկում են կասեցնել նիստերը եւ դիմել Սահմանադրական դատարան, թող վերջինս որոշի օրենքի հակասահմանադրականությունը։ Ասում ենք՝ հարգելի դատարան, դու այս պահին առանց ամբաստանյալի համաձայնության մեզ ասում ես՝ մնա դատարանի դահլիճում, բայց չէ՞ որ սահմանադրությունն էլ ասում է՝ ամբաստանյալն իրավունք ունի իր իսկ ընտրած դատապաշտպանի միջոցով պաշտպանվել: Փակուղի է, իսկ սրա լուծումը ՍԴ դիմելն է:
Ի դեպ, հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը ժամանակին փաստաբան Երվանդ Վարոսյանին առաջարկել էր, թե ինչո՞ւ չեք բարձրացնում ՍԴ դիմելու հարցը, ինչո՞ւ դատական կարգով չեք վիճարկում կարգադրիչների գործողությունները, որ ձեզ խուզարկում են, դրանով իսկ խոչընդոտում ձեր մուտքը դատարանի դահլիճ:

Ի տարբերություն մասնավոր փաստաբանների, հանրային պաշտպանները շատ ակտիվ ու հետեւողական կլինեն այս հարցում, որպեսզի ՍԴ-ից ստանանք պատասխան հետեւյալ հարցում. արդյոք հանրային պաշտպանը առանց դատական նիստերից հեռացված ամբաստանյալի համաձայնությունն ստանալու չի՞ կարող մասնակցել տվյալ գործին: Իսկ քանի դեռ չկա ՍԴ որոշումը, հանրային պաշտպանը օրենքի պահանջով ներկա կլինի նիստերին ու ակտիվորեն կպաշտպանի: Քրեական դատավարության օրենսգիրքը այդ հնարավորությունը մեզ տալիս է։

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930