Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում ունի 19 աշակերտ: Դպրոցի երկարամյա տնօրեն Աստղիկ Ազատյանն ասաց, որ այս տարի դպրոցը չունի 1-ին, 2-րդ եւ 5-րդ դասարաններ, 4-րդ, 8-րդ եւ 10-րդ դասարաններն ունեն մեկական աշակերտ:
1970-ական թվականների կեսին Բարեկամավանի 8-ամյա դպրոցն ուներ 330 աշակերտ: Խորհրդային տարիներին եւ Հայաստանի անկախացումից հետո ավելի մեծ չափով Բարեկամավանից արտագաղթ է եղել:
Աստղիկ Ազատյանն ասաց, որ սեպտեմբերի 1-ին նոր ուսումնական տարվա եւ Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորելու համար իրենց դպրոց են եկել Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը, գյուղի սահմանը հսկող սահմանապահները, «Հույսի կամուրջ» ՀԿ-ից, ԱԺ պատգամավոր Գրիգոր Ավալյանը շնորհավորական ուղերձ է հղել:
Ա. Ազատյանին հարցրինք՝ դպրոցի խմելու ջրի հարցը լուծվե՞ց; Նա ասաց՝ այո, դպրոցն արդեն շաբաթը մեկ անգամ ջուր է ստանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ