Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ընդունվեցի դպրոց

Սեպտեմբեր 01,2017 10:36

Ես ծնվել եմ 1994 թվականին ու ըստ սահմանված կարգի պետք է 2001 թվականին ընդունվեի դպրոց, բայց մայրս վստահ էր, որ ես բացառիկ երեխա եմ ու ավելորդ է ինձ մեկ տարի էլ տանը պահելը: Եվ այդպես որոշում է ինձ դպրոց ընդունել 2000 թվականին:

1994 թվականին ծնված երեխաներին դպրոց ընդունելու համար ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, եթե ճիշտ եմ հիշում, մամուլի շենքի մոտակայքում էր գտնվում, մի խոսքով` մի գեղեցիկ ամառային օր մայրս ինձ տարավ այդ հանձնաժողով:

Թե կոնկրետ ինչ եղավ, ինչ հարցեր տվեցին դժվարանում եմ հիշել, բայց հարցերից մեկը մինչև այժմ լավ հիշում եմ: Մի բարձրահասակ տղամարդ, եթե չեմ սխալվում անունը Ավետիք էր, հարցրեց` ի՞նչի ես ականջօղ կրում: Ես` 6 տարեկան երեխաս, իհարկե, չգիտեի ականջօղների իմաստը, առավել ևս չգիտեի, թե ինչի համար են ծնողներս ստիպել կրել դրանք: Ես պարզապես ուսերս թափ տվեցի ու ասացի` չգիտեմ:

Եվ հնչեց իմ վճիռը` Ձեր երեխան ներվային է, ավելի լավ է հատուկ դպրոց ուղարկեք, ինքը չի կարող իր հասակակիցների հետ շփվել, մի ամբողջ 45 րոպե դասարանում նստած մնալ, մի էջ տեքստ կարդալ ու հասկանալ: Մի խոսքով` հակապատկերը այն երեխայի, ում ճանաչում էր մայրս: Չեմ մանրամասնի, թե ինչ ծանր տարավ մայրս, քանի գիշեր լացեց, բայց այնուամենայնիվ, որոշեց 2000 թվականին ինձ ընդունել դպրոց: Ի դեպ, այդ որոշման համար շատ շնորհակալ եմ. 2001 թվականին ընդունվածները արդեն 11 տարի էին սովորելու:

Ինձ նույնիսկ մինչև դպրոցի դասերի սկիզբը հատուկ կուրսերի ընդունեցին, բայց ինձ հետ պարապողները պնդում էին, որ անիմաստ է, ես այդ կուրսերի կարիքը չունեմ: Մի խոսքով, իմ վճիռը սխալ դուրս եկավ` ես հանգիստ շփվում էի համադասարանցիներիս հետ, առանց որևէ խնդրի 45 րոպե նստում դասարանում, կարդում ու հասկանում դասերը, և ավելին`առաջին հինգ տարին գերազանց առաջադիմություն ունեի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930