Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է պետք դասավանդել

Սեպտեմբեր 01,2017 10:06

Վերջերս ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում խոսվում է կրթության արմատական փոփոխության անհրաժեշտության մասին: Այն տեղեկությունը, որը ես որպես ուսուցիչ կամ դասախոս փոխանցում եմ իմ աշակերտներին, ուսանողներին, այդ գիտելիքը նրանք, ի վերջո, ցանկության դեպքում կարող են գտնել համացանցում: Ես պետք է պարզապես հուշեմ նրանց, թե որտեղ եւ ինչպես է պետք այդ տեղեկատվությունը փնտրել, եւ ամենակարեւորը՝ ինչպես կարելի է այդ տեղեկատվությունը կիրառել այն մասնագիտության մեջ, որը նա ընտրել է:

Բայց խնդիրն, իհարկե, միայն տեղեկատվությունը չի: Օրինակ՝ ես այսօր բացարձակապես չեմ օգտագործում այն գիտելիքները, որոնք ստացել էի կոնսերվատորիայում (իսկ որեւէ այլ բուհում ես չեմ սովորել): Մասնագետները պնդում են, որ երաժշտությունն օգնում է ավելի կուռ, ավելի կազմակերպված դարձնել մտածողությունը: Այդ պնդումը, թերեւս, ճիշտ է, բայց դա էլ՝ մի կողմ: Իսկական ուսուցիչները դուրս են իրենց առարկայի շրջանակներից եւ «դասավանդում են» կյանքի նկատմամբ իրենց մոտեցումը: Վստահ եմ, որ Ռաֆայել Իշխանյանը ոչ միայն լեզվաբանություն էր սովորեցնում, կամ Հենրիկ Հովհաննիսյանի տված գիտելիքները զուտ թատերագիտական չեն: Նրանց նախկին ուսանողները հենց դա են վկայում:

Ուսանողական տարիներին իմ բուհի ռեկտորն արտակարգ անձնավորություն էր՝ Ղազարոս Սարյան՝ Մարտիրոս Սարյանի որդին: Այդ մարդն, ըստ էության, քարտուղարուհի չուներ. երբ պետք էր իր ստորագրությամբ ինչ-որ թուղթ տանել որեւէ բաժին կամ ամբիոն, նա վերցնում էր այդ թուղթն ու իր զինվորական քայլվածքով ուղեւորվում էր համապատասխան սենյակ: Բացատրում էր՝ «հո ամբողջ օրը սեղանի առաջ չեմ նստի»: Ղազարոս Սարյանին չէր մտահոգում, որ իր վարքը «ոչ սոլիդ» կամ «ղեկավարին ոչ վայել» կթվա: Եվ քանի որ չէր մտահոգվում, ոչ մեկին չէր էլ թվում:

Այդ ժամանակ՝ 1970-80-ականների սահմանագծին, սեւ կաշվե անձրեւանոցով ռայկոմի հրահանգիչն արդեն իսկ բավականին «հաբռգած» էր, էլ չասած ավելի բարձր պաշտոնյաների մասին: Բայց կային նաեւ «թրենդին» հակառակվող մարդիկ, նրանք այլախոհ չէին, խորհրդային իշխանությանը հրապարակավ չէին հակադրվում, բայց սահմանում էին մասնագիտական եւ էթիկական իրենց՝ բարձր նշաձող:

Գուցե նման բաներ նույնպես պետք է «դասավանդել»՝ մանկապարտեզում, դպրոցում, բուհում: Համենայնդեպս, կոնսերվատորիայից ես ավելի շատ այդ կարգի բաներ եմ հիշում, քան զուտ մասնագիտական գիտելիքները:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930