Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ը փորձարկում է Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքը»

Սեպտեմբեր 01,2017 15:00

Մեծ թեստ` ՀՀ իշխանության համար

Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հերթական հայտարարությունն արեց, որը բուռն քննարկման առարկա դարձավ: «Պարզորոշ ասել ենք, որ մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ եւ վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետեւելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: Ի՞նչ է ակնարկում ամերիկացի դիվանագետը, մանավանդ, որ հայկական կողմից շարունակաբար պնդում են՝ ճնշումներ չկան, բոլոր որոշումները կայացվում են՝ ելնելով մեր պետականության շահից եւ ինքնիշխանությունից: Մինչ այդ, հիշեցնենք, Ռիչարդ Միլզը խոսել էր Հայաստանում վերականգնողական եւ արեւային էներգետիկայի ոլորտին աջակցության, 8 միլիարդ դոլարի ներդրումների եւ տնտեսական այլ ծրագրերի մասին:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ նման հայտարարություններն ԱՄՆ-ի կողմից այդքան հաճախակի չեն եղել, որքան հիմա: Սա քաղաքագետին հիմք է տալիս ենթադրելու. «Հայ-ամերիկյան հարաբերություններում ինչ-որ բան եռում է, եւ դա կապված է երկկողմ պայմանավորվածությունների հետ»: Խնդրի էությունն ամբողջական պատկերացնելու համար Ստեփան Սաֆարյանը հիշեցնում է Ռիչարդ Միլզի՝ 2014 թվականին ունեցած ծրագրային ելույթը տարածաշրջանային խնդիրների մասին: «Այդ ժամանակ, երբ ԵԱՏՄ-ին՝ Երեւանի միանալուց հետո Հայաստանը եւ ԱՄՆ-ը ստորագրեցին Առեւտրային եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը, հայ-ամերիկյան հարաբերությունները, կարելի է ասել, այսպիսին էին՝ որքան էլ Հայաստանն անդամակցում է այդ տնտեսական միավորմանը, այնուամենայնիվ, շարունակում է դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունը:

Դրա գլխավոր տարրերից մեկն էլ հայ-ամերիկյան հարաբերություններն էին»,- ասում է Ստեփան Սաֆարյանը՝ նկատելով, որ 2014 թվականին, երբ ամերիկացի դեսպանը խոսում էր Հայաստանի ինքնիշխանության եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակության մասին, որեւէ մեկը չէր ընդվզում, չէր քննադատում, եւ պայմաններն ընդունվեցին. «Իր «եւ-եւ»-ի քաղաքականությամբ եւ այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանի բազում ելույթներով Հայաստանն ընդունեց, որ դա է մեր խաղի կանոնը, եւ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ-ում, հարաբերվելու է այլ երկրների հետ եւս»: Բայց հետայդու ամերիկացի դիվանագետի կողմից բարձրաձայնված դժգոհությունները՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անբավարար քայլերի եւ համանման բաների մասին, ըստ մեր զրուցակցի, փաստում էին՝ Հայաստանում ոչ միայն ներքին քաղաքականության, այլ նաեւ արտաքին քաղաքականության ասպարեզում ժողովրդավարության եւ ինքնիշխանության տարրը կաղում է: «2014 թվականին դեսպանը նշել էր՝ իրենք ցանկանում են գործ ունենալ մի Հայաստանի հետ, որի տրամադրությունների վրա ազդելու համար կոռուպցիան չի օգտագործվում: Դեսպանի այդ շրջանի հարցազրույցները եւ ելույթներն ակնհայտորեն ապացուցում էին, որ արտաքին այլ դերակատարներ կոռուպցիոն թեմաներն օգտագործում էին Երեւանի արտաքին քաղաքականության վրա ազդելու համար, եւ փաստում են, որ ԱՄՆ-ը ցանկանում է գործ ունենալ ինքնիշխան Հայաստանի հետ: Սրան հայկական կողմը հաստատակամ պատասխան է տվել՝ Հայաստանն ուզում է այդ ճանապարհով գնալ եւ այդ հարաբերություններն ունենալ նաեւ ԱՄՆ-ի հետ: Այժմ ակնհայտորեն ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում՝ սկսած Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում կայացած հանդիպումից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռիչարդ Հոգլանդի բարձրաձայնած մտահոգությունից՝ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ: Եվ երբ դրանից հետո ԱՄՆ դեսպանն է խոսում Հայաստանի ինքնիշխանության խնդիրներից ու ասում, որ պատրաստ են Հայաստանին ինքնիշխանության գործիքներ տրամադրել, խոսում է այն մասին, որ Հայաստանի վրա կա արտաքին ազդեցություն: Բարդ չէ գուշակել՝ ո՞ր պետության մասին է խոսքը: Ակնհայտորեն դեսպանը հիշեցնում է 2014-ի պայմանավորվածությունների մասին եւ կրկնում, որ ԱՄՆ-ը պատրաստ է դրանք կիրառել, Հայաստանը ունի հնարավորություն: Սա թեստ է Հայաստանի իշխանությունների համար: ԱՄՆ-ը փորձարկում է Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքը: Արդյոք նրանք ի վիճակի՞ են վարել ինքնիշխան քաղաքականություն. այլապես դեսպանը նման հայտարարություն չէր անի: Մեկ անգամ փորձարկվեց Հայաստանի պատրաստակամությունը՝ ամերիկյան 8 միլիարդ դոլարի առեւտրի եւ ներդրումների կտրվածքով, այժմ կարծես փորձարկվում է ՀՀ իշխանության կամքը՝ ինքնիշխան քաղաքականություն վարելու առումով»:

Հիշեցնենք, նոյեմբեր ամսին նաեւ նախատեսվում է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Չի բացառվում, որ ԱՄՆ դեսպանի այս հայտարարությունը նաեւ դրա հետ կապ ունի: Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Սոչիում կայացած Պուտին-Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ հեռացող համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, խոսելով ԼՂ հարցի կարգավորման մասին, ցանկանում էր ճշտել՝ ՌԴ-ն ճնշումներ գործադրե՞լ է Հայաստանի վրա: «Երեւանը հասկացրեց, որ չի փոխել իր դիրքորոշումը»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ ԱՄՆ-ը Հայաստանի համար մեծ թեստ է անցկացնում՝ ստուգելու համար, թե որքանո՞վ էին անկեղծ 2014-ին պաշտոնական Երեւանի արտահայտած պատրաստակամությունները: «Խնդիրները կարծես ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմամբ չեն ավարտվում: Մինչ այժմ թե՛ ՀՀ նախագահը, թե՛ վարչապետը հավաստիացրել են, որ ստորագրվելու է նոր համաձայնագիրը, խոչընդոտների մասին չի ակնարկվել: Բայց կա գործնականում Հայաստանի կողմից իրապես անկախ քաղաքականություն վարելու խնդիր: Դա ԱՄՆ-ի համար շատ կարեւոր է: Մանավանդ, որ ԱՄՆ-ի կողմից հնչեցված տարբեր հայտարարություններին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունները դեկլարատիվ հայտարարություններ են արել համագործակցության պատրաստակամության մասին: Գործնական քայլեր չեն արվել, ինչը չի գոհացնում ամերիկյան կողմին»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

31.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930