Լրահոս
Օրվա լրահոսը

Սոֆի Լորենը, Մոնիկա Բելուչին, Կարմեն Դել Օրեֆայսին, Ժակլին Սարխոշյանն ու Ռուբեն Մուրադյանը՝ մեկ ֆիլմում

Սեպտեմբեր 01,2017 14:00

Արթուր Մկրտչյանը ձեռնարկել է ֆիլմ՝ «դեպի Օսկար» նշանաբանով

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակը, որն անցկացվում է 1929թ.-ից, եղել եւ մնում է ցանկացած ռեժիսորի, օպերատորի, կինոդերասանի, կոմպոզիտորի, նկարչի, մի խոսքով՝ ֆիլմարտադրողի երազանքը: Կան կինոռեժիսորներ, որոնք ստեղծում են ֆիլմ հենց այս մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով: Ասում են, որ ռուս կինոռեժիսորներից ոմանք էլ են վերջին շրջանում նման աշխատաոճ որդեգրել: Մինչ նրանց ներկայացնելը՝ հիշեցնենք, որ ռուսական առաջին օսկարակիր ֆիլմը խորհրդային տարիներին Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ եւ խաղաղությունն» էր՝ 1968թ., ապա ԽՍՀՄ- Ճապոնիա համատեղ արտադրության Ակիրա Կուրոսավայի «Դերսու Ուզալան»՝ 1975թ.: Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո հենց «Օսկարի» արձանիկն աչքի առաջ ունենալով, Նիկիտա Միխալկովը եւ Ալեքսանդր Պետրովը նկարահանեցին իրենց ֆիլմերը: Միխալկովի խաղարկային «Արեւից կիզվածները» 1994թ., իսկ 1999թ. Ալեքսանդր Պետրովի անիմացիոն «Ծերունին եւ ծովը» ֆիլմերը արժանացան «Օսկարի»:

Ժամանակին հայ կինոռեժիսորներից մեկ-երկուսի «օսկարային» փորձերը չհաջողվեցին: Պարզվում է, որ մենք էլ ունենք ռեժիսոր, որը ձեռնարկել է ֆիլմ՝ «դեպի Օսկար» նշանաբանով: Մոսկվաբնակ Արթուր Մկրտչյանին «Առավոտը» 01.11.2016թ. ներկայացրել էր «Հնարավոր աղմուկ՝ հայազգի ռեժիսորի անվան շուրջ» վերնագրով հոդվածում: Հիշեցնենք, որ արվեստագետը մեզ հայտնել էր, թե ծրագրել է իրականացնել ֆիլմ VR (Virtual Reality) ոլորտում: Նրա խոսքերով՝ աշխարհում հիշյալ ոլորտում ամբողջական ֆիլմ դեռեւս չկա, բայց առանձին դրվագներ, հետաքրքիր լուծումներ՝ խաղերի, փորձարկումների տեսքով, կան: Իսկ թե ինչու ֆիլմը չի ուզում նկարահանել Մոսկվայում, Արթուր Մկրտչյանը պատասխանել էր. «Ինձ համար անսպասելի խնդրի տեսական-գործնական-կատարողական լուծումը, ընդ որում՝ բոլոր հարցերի սպառիչ պատասխաններով, գտա Հայաստանում, հայ գիտատեխնոլոգիական կազմի կողմից (Interactive World-www.iw.am): Նախնական հետազոտական ծավալուն աշխատանքի արդյունքում համատեղ որոշել ենք, որ ֆիլմը ստեղծվի Հայաստանում: Այն ժամանակակից տեխնոլոգիական նվաճումների մինչ այժմ չիրականացված գործունեություն է եւ նախնական հետազոտության արդյունքում մեր թիմը ի վիճակի է իրականացնելու տարիներ շարունակ աշխարհում քննարկվող, բայց դեռ նմանը չունեցող VR առաջին ֆիլմի ստեղծումը»: Նշենք նաեւ, որ VR ոլորտում ստեղծված ֆիլմը հնարավորություն կտա հանդիսականին էլեկտրոնային սաղավարտի միջոցով «հայտնվել» ֆիլմում, ավելին՝ կարող է սեփական ցանկությամբ կառավարել, թե ինչ դիրքից է ուզում դիտել այն:

Օրերս դարձյալ հանդիպեցինք Արթուր Մկրտչյանին: Նա արդեն որոշ փակագծեր բացեց, ասելով, որ իր ձեռնարկած ֆիլմի աշխատանքային անվանումն է «Սեր», անձնական կապերի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել Սոֆի Լորենի, Մոնիկա Բելուչիի, Կարմեն Դել Օրեֆայսիի հետ: Սցենարը, որի հեղինակը նույնպես ինքն է, arthouse ժանրում է, ներկայացնելով խաղարկային կինո+ նեոկլասիկ բալետ:

Հետաքրքրությանը՝ ինչ ասել է այս ժանրը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հենց այս ժանրում են նկարահանված Փարաջանովի բոլոր ֆիլմերը, որոնք նախատեսված չեն լայն հանդիսատեսի համար: Ժանրային նման ֆիլմերի երկրպագուները ինտելեկտուալներն են, որոնք փորձում են գտնել նաեւ կյանքում յուրաքանչյուր իրադարձության խորխորատները: Նման ֆիլմերը, որոնցում շոշափվում են էթնիկ, սեքսուալ փոքրամասնությունների թեմաները, պարզապես փիլիսոփաների ու ռոմանտիկների համար են»: Հետաքրքրվեցինք, թե ճանաչված դեմքերը ի՞նչ կերպարներ են կերտելու եւ քանի որ խաղարկային ֆիլմը շաղախված է նաեւ նեոկլասիկ բալետով, ովքե՞ր են հանդես գալու: «Սոֆի Լորենը, Մոնիկա Բելուչին եւ Կարմեն Դել Օրեֆայսին կկերտեն աստվածուհիների, որոնք կարծես հելունով գործում են ճակատագիրը հերոսների: Իսկ այդ հերոսները կլինեն բալետի արտիստներ: Դեռ չեմ հանդիպել նրանց, բայց ընտրել եմ Ժակլին Սարխոշյանին եւ Ռուբեն Մուրադյանին»,- առանց ֆիլմի սցենարը ներկայացնելու՝ հայտնեց Արթուր Մկրտչյանը:

Հետաքրքրությունը ֆիլմի բյուջեի «մասով» մնաց անպատասխան:

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ինչպես անցյալ անգամ էր հավաստիացրել՝ «ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի ֆիլմիս ֆինանսավորումը լինի միայն Հայաստանից, որ ակնկալվող հսկայական եկամուտները մնան մեր երկրում»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

31.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930