Լրահոս
Օրվա լրահոսը

Տափերականում եւ Վեդիում բեմադրվում են մանկական օպերաներ

Սեպտեմբեր 01,2017 13:30

Ազգային օպերային թատրոնի երգչախմբի արտիստի ղեկավարությամբ

Արարատի մարզի Տափերական համայնքի մշակույթի տանը կիթառի եւ վոկալի ուսուցիչ Սեդրակ Գրիգորյանի նախաձեռնությամբ ու բեմադրությամբ վերջերս ներկայացվել է Մարտին Մազմանյանի «Ճուտիկը» օպերան:

«Առավոտի» հետ զրույցում Սեդրակ Գրիգորյանն ասաց, որ 1961թ. կառուցված մշակույթի տանն ինքը սկսել է մանկավարժական գործունեություն ծավալել 2017թ. հունվարից:

«Ճուտիկի» բեմադրությանը մասնակցեցին նաեւ Վեդիի երաժշտական դպրոցի սաները (տնօրեն՝ Մանե Գրիգորյան): Նշեմ, որ Տափերականի մշակույթի տունը, որն այսօր տնօրեն չունի, պահպանվել է նախկին տնօրեն Կարո Ղարիբյանի շնորհիվ: Առայժմ մշակույթի տանը իմ ղեկավարությամբ գործում են կիթառի, վոկալի դասարաններ, պարի խմբակը վարում է Ռուզաննա Նիկողոսյանը, ժողգործիքներինը՝ Ավետիս Մուրադյանը: Մինչդեռ ժամանակին այստեղ գործել է շուրջ 20 խումբ: Սկսել ենք աշխատանքները տարբեր խմբեր վերականգնելու ուղղությամբ»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, թե յուրաքանչյուր ուրբաթ Ավետիս Մուրադյանը բազմաբովանդակ միջոցառումներ է կազմակերպում: Նշեց, որ համայնքը իսկապես մշակութասեր է, իսկ տարբեր տարիքի երեխաների բեմ դուրս գալը նրանց համար դառնում է տոն, հեքիաթի նման մի բան:

Տափերականի բեմում կիթառահարների անսամբլն է:

Զրույցի ընթացքում պարզեցինք, որ Սեդրակ Գրիգորյանը 2009թ.-ից դասավանդում է նաեւ Վեդիի երաժշտական դպրոցում, որտեղ, ինչպես Տափերականում, իր ռեժիսուրայով 2010թ. իրականացրել է Ազատ Մանուկյանի «Չարի վերջը», «Ճուտիկը» օպերաները, Յուրի Ղազարյանի «Ինչպես է կատուն արհեստ սովորում» մյուզիքլը: «Մեծ ոգեւորություն ապրեց ամերիկաբնակ կոմպոզիտոր Յուրի Ղազարյանը, երբ նրան տեղեկացրինք, թե անդրադառնալու ենք իր մյուզիքլին: Իհարկե, մեզ օգնեց USAID-ը: Իսկ Տափերականում աջակցեց համայնքապետ Միհրան Մանասերյանը: Ընդ որում, բոլոր ներկայացումների համար պատրաստվել են դեկորներ, կարվել զգեստներ»,- ասաց մեր զրուցակիցը: Առանց մանրամասնելու էլ նշեց, թե ցանկություն կա Տափերականը դարձնել մշակութային առաջին համայնքը, այնպես, ինչպես Վանաձոր եւ Գյումրի քաղաքները:

Տեսարան «Ճուտիկը» օպերայից:

Զրույցի ընթացքում Սեդրակ Գրիգորյանը շեշտեց Ազգային օպերային թատրոնի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանի անունը, որը մշտապես օգնության ձեռք է մեկնում իրեն՝ մանկական օպերաները բեմադրելու գործում եւ տեղեկացրեց, որ երկու տարի առաջ օպերային թատրոնի խաղացանկային՝ Արմեն Տիգրանյանի «Անուշը» Ալիս Հեքիմբաշյանի ռեժիսուրայով ներկայացվել է Վեդիում, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, ինքն էլ հանդես է եկել Օհանի դերերգով:
Ի դեպ, Սեդրակ Գրիգորյանը 2001-ից հանդիսանում է Ազգային օպերային թատրոնի երգչախմբի արտիստ: Հետաքրքրվեցինք՝ այս պահին ի՞նչ նոր ստեղծագործությունների վրա է աշխատում թատրոնի երգչախումբը: «Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ պատրաստում ենք Վերդիի Ռեքվիեմը, որը հայաստանյան մշակութային իրականության մեջ առաջին անգամ կցուցադրվի բեմադրության տեսքով եւ Դոնիցետիի «Պողիկտոսը»: Նշածս բեմադրությունները կկայանան աշնանը»:

 

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

31.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930