Լրահոս
Օրվա լրահոսը

Գնացեք արթնացրեք Քրիստոսին, որ ձեր փոթորիկը խաղաղվի

Սեպտեմբեր 01,2017 13:00

Ինչպես որ կան ֆիզիկական օրենքներ, այնպես էլ կան հոգեւոր օրենքներ: Աստուծո պատվիրանները մեզ ցույց են տալիս, թե ինչպես են աշխատում հոգեւոր օրենքները: Այ օրինակ, Տեր Հիսուսը մեզ պատվիրում է հոգ չտանել վաղվա օրվա մասին, թե ինչ պիտի հագնենք կամ ինչ պիտի ուտենք, այլ նախ փնտրել Աստուծո արքայություն ու նրա արդարությունը, եւ մնացած բաները մեզ կտրվեն ավելիով: Այստեղից էլ ահա հոգեւոր օրենքը: Դու նախ պիտի հոգ տանես քո հոգու մասին, եւ դրանից հետո միայն քեզ կտրվի մարմնավոր պիտանի բաները ավելիով: Ահա եւս մեկ այլ օրինակ: Տեր Հիսուսը մեզ պատվիրում է նախ հանել մեր աչքից գերանը եւ դրանից հետո նոր տեսողություն կունենանք՝ մեր եղբոր աչքից շյուղը հանելու համար: Սրանից էլ հոգեւոր օրենք՝ դու քո շուրջի մարդկանց վրա կարող ես բարի ազդեցություն ունենալ ու նրանց փոխել Քրիստոսի օգնությամբ միայն այն ժամանակ, երբ ինքդ նախ մաքրվես ու սրբանաս: Դրանից հետո դու միայն կարող ես տեսնել քո ընկերոջ խնդիրն ու օգնել նրան:

Մեր կյանքերն անցնում են դժվարությունների ու ալեկոծությունների միջով: Երբեմն փոթորիկն այնքան ուժեղ է, որ մահի չափ վախենում ես, թե ուր որ է կընկղմվես: Բայց հիշեք, որ այսպիսի իրավիճակների համար մեր Տեր Հիսուս Քրիստոսը նույնպես լուծումներ ու հոգեւոր օրենքներ է ցույց տվել: Ու եթե դու հավատում ես Քրիստոսին, դու պիտի պահպանես դրանք ու կատարես դրանք քո կյանքում, որպեսզի վախի ու փոթորիկի առաջ անսասան մնաս: Աստված չի ուզում, որ իր զավակները վախով ապրեն: Հիշո՞ւմ եք Տեր Հիսուսն ինչ ասաց. «Թող ձեր սրտերը չխռովուեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ» (Յհ 14:1):

Ինչպես հաղթել մեր կյանքի փոթորիկներին

Մի անգամ Տեր Հիսուսն իր աշակերտներին ծովը տարավ: Հանկարծ մեծ փոթորիկ բարձրացավ ու նավակը գրեթե լցվում էր: «Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»։ Եւ նա, արթնանալով, սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»։ Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ։ Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. դեռեւս հաւատ չունէ՞ք»։ Եւ նրանք սաստիկ վախեցան եւ միմեանց ասում էին. «Ո՞վ է արդեօք սա, որ թէ՛ հողմը, թէ՛ ծովը հնազանդւում են սրան»։ (Մր 4:37-41)

Տեր Հիսուսը մեզ այստեղ կարեւոր դաս է սովորեցնում: Որ այս կյանքի փոթորիկների դեմ մենք միայնակ անզոր ենք: Պիտի գնաս ու իրեն արթնացնես ու ինքը գիտե, թե ինչպես դադարեցնել ու լռեցնել փոթորիկը քո կյանքում: Ահա եւ հոգեւոր օրենքը՝ դու պիտի արթնացնես Քրիստոսին, որ քո կյանքի փոթորիկները դադարեն ու լռեն:
Օրինակ, քեզ մեկը կշտամբե՞ց: Դա քամին է: Դու բարկանո՞ւմ ես դրանից: Դա հոսանքն է: Քամին փչում է, ալիքները բարձրանում են ու քո կյանքի նավը վտանգի մեջ է, քո սիրտը վտանգի մեջ է, գրում է Օգոստինոս հայրապետը: Դու լսում ես քո նկատմամբ վատ խոսքեր եւ ուզում ես նույն կերպ հատուցել դիմացինիդ: Եվ ահա այդպես հատուցելով եւ դիմացինիդ չարությամբ պատասխանելով ինքդ նավաբեկման ես ենթարկվում: Ինչո՞ւ է այսպես: Սա նրանից է, որ Քրիստոսը քնած է քո ներսում, որ դու մոռացել ես նրա մասին այդ պահին կամ ընդհանրապես: Այնպես որ, արթնացրու Քրիստոսին, հիշիր նրա մասին եւ կարթնանա քո մեջ Քրիստոսը, գրում է Երանելի Օգոստինոսն ու ավելացնում: Ծնվե՞ց գայթակղությունը – սա քամին է: Դուք վիճո՞ւմ եք: Սրանք ալիքներ են: Արթնացրե՛ք Քրիստոսին, եւ նա կխոսի ձեզ հետ:
Սիրելի բարեկամներ, Տեր Հիսուսը մեզ սովորեցնում է քաջ լինել այս կյանքի փոթորիկների մեջ ու իրեն արթնացնել մեր հիշողության մեջ, որ խաղաղեցնի փոթորիկը:

Երբ Աստված հրաշք է կատարում, նա շատ բաներ է կազմակերպում, որպեսզի այդ հրաշքը պահպանի ձեր հիշողության մեջ ու մարդը չմոռանա, թե Աստված ինչ է արել իր կյանքում: Օրինակ, ծովի փոթորիկը խաղաղեցնելու օրինակով մենք տեսնում ենք, որ Նա թույլ է տալիս փոթորիկ, որպեսզի փրկության միջոցով աշակերտներն ավելի ուժգնությամբ զգային Աստուծո բարությունը: Հիշե՛ք, ձեր կյանքի մեջ քանի՞ անգամ եք ընկել «փոթորիկների» մեջ ու Աստված փրկել է ձեզ: Մի հուսահատվեք փոթորիկի մեջ, այլ գնացե՛ք արթնացրե՛ք Տեր Հիսուսին ձեր հիշողության մեջ, որպեսզի խաղաղվի ձեր կյանքի փոթորիկները:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

31.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930