Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈՒԼԻՍՆԵՐԻՑ

Սեպտեմբեր 01,2017 10:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուրերորդ

ԿՈՒԼԻՍՆԵՐԻՑ

Եվ Ֆելոն Ֆրունզիկին հարցրեց՝ «իսկական պրեմիերան ո՞րն ա համարվում», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «իսկականն առաջինն ու երկրորդն են», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «իսկականն ամենաառաջինը չի՞», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նայած թե՝ ինչ տեսանկյունից ես նայում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչ տեսանկյունից էլ նայես, իսկականն ամենաառաջինն ա», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդքան էլ էդպես չի, Ֆելո ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իմ համար, օրինակ, իսկականը երկրորդն ա», եւ Ֆելոն զարմացած հարցրեց՝ «ինչի՞ ա երկրորդը», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ երկրորդ պրեմիերային Աճեմյանն արվեստագետներին, գրողներին ու գիտության մարդկանց ա հրավիրում», եւ Ֆելոն Ֆրունզիկին հարցրեց՝ «բա առաջինի՞ն ում ա հրավիրում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «առաջինին ամենակարեւոր մարդկանց ա հրավիրում», եւ Ֆելոն հարցրեց՝ «ամենակարեւոր մարդիկ ովքե՞ր են», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «ղեկավարները» եւ մի  քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կենտկոմի ու ռայկոմների քարտուղարները, քաղսովետի նախագահն ու տեղակալները, մինիստրներն իրանց տեղակալներով, կարեւոր հիմնարկների դիրեկտորները» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էդ բոլորը՝ իրանց ընտանիքներով ու մոտիկներով», եւ Ֆելոն Ֆրունզիկին հարցրեց՝ «էդ բոլորին Աճեմյանն անձամբ ա՞ հրավիրում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «կմեծանաս՝ կիմանաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հորս ասաց՝ «աշակերտդ հիմիկվանից ուզում ա թատրոնի սաղ գաղտնիքներն իմանա», եւ հայրս ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «ինքը մի ամսից աշակերտ չի», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «վարպետ ջան, էդ կազմակերպչական հարցերով թատրոնի դիրեկտորն ու տեղակալն են զբաղվում», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «բա երրորդ պրեմիերայի՞ն ում են հրավիրում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երրորդին խառն ենք հրավիրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երրորդին հիմնականում մեր բարեկամներին, ազգականներին, ընկերներին ու մոտիկներին ենք հրավիրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Մեսրոպը երկրորդին կամ երրորդին ա հրավիրվում», եւ Ֆելոն Ֆրունզիկին հարցրեց՝ «ուստա Հակոբի աներոջը նկատի ունե՞ք», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց ու ինձ նայելով ավելացրեց՝ «բայց Մեսրոպն առանց Արմենչոյի թատրոն չի գալիս», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց Արմենի տարիքի էրեխեքին երեկոյան ներկայացումներին չեն թողնում», եւ ես ժպտալով ասացի՝ «դրա համար էլ Մեսրոպ պապս ու ես կուլիսներից ենք ներկայացումները նայում» եւ ժպտալով ավելացրի՝ «կուլիսներից ավելի հետաքրքիր ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պատկերացնում եմ», եւ ես ժպտալով Ֆելոյին ասացի՝ «պիտի տեսնես, որ պատերկացնես», եւ Ֆելոն ասաց՝ «մեծ հաճույքով կուլիսներից կնայեմ», եւ ես Ֆելոյին ասացի՝ «մյուս անգամ քեզ էլ հետներս կուլիսներ կտանենք», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչի՞ մյուս անգամ» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «Արմենն ու դու էսօր հենց կուլիսներից էլ կնայեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ ռեժիսոր դառնաս, միշտ պիտի կուլիսներից ներկայացում նայես»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930