Հարավային Կովկասում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հիմնականում բնակեցված է հայերով և թյուրքաբնակ Ադրբեջանից առանձնացել է Խորհրդային Միության անկումից հետո՝ 1980-ականների վերջին սկսված խաղաղ ցույցերի արդյունքում, որը հետո վերածվեց լայնածավալ պատերազմի, Conflict News պարբերականում գրում է վերլուծաբան Մայքլ Քրիքշանքը:
1994թ. զինադադարից հետո էլ պատերազմի հետևանքները շարունակում են երևալ տարածքում. լքված քաղաքներ, զենքերի մնացորդներ, ավերված շենքերը կարելի է նկատել անգամ մայրաքաղաք Ստեփանակերտից մեքենայով կարճ ճանապարհ անցնելով:
Բայց խաղաղությունն այսօր էլ վտանգի տակ է, գրում է վերլուծաբանը:
2016թ. ապրիլի 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղը հայտնվեց ադրբեջանական հրթիռակոծության տակ:
«Այն բնակիչները, ովքեր մեքենա ունեին, կարողացան փախչել, իսկ ովքեր չունեին՝ ծեր էին կամ երեխաներ ունեին… մենք կարողացանք ապահովել մեծ մասի անվտանգությունը, բայց ունեցանք 2 վիրավոր և 3 զոհ»,- ասում է Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը:
Այդ ժամանակ գյուղը ժամանակավորապես գրավվել է ադրբեջանական ուժերի կողմից, այնուհետև հայկական ուժերը հակահարձակումով այն հետ են վերցրել: Այնուամենայնիվ, հրետակոծությունից ավերվել է Թալիշի շինությունների շուրջ 50 տոկոսը, գրում է վերլուծաբանը:
Եվ սա միայն բացման ակտն էր այն իրադարձության, որը հայտնի է որպես ապրիլյան պատերազմ, երբ Ադրբեջանը փորձ արեց վերադարձնել Լեռնային Ղարաբաղը: 4 օր տևած մարտերի արդյունքում Ադրբեջանի այս առաջխաղացումը հիմնականում կանխվեց, արդյունքում երկու կողմերում էլ եղան հարյուրավոր զոհեր: Այս հակամարտությունն աչքի ընկավ նաև «Հարոփ» մահպարտ-անօդաչուի կիրառման, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղում զոհերի:
Ապրիլյան պատերազմն ի վերջո ավարտվեց Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարով. շփման գիծը գրեթե նույնն է մնացել՝ բացառությամբ Թալիշի մոտ մի քանի ռազմավարական բարձունքների, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այնուամենայնիվ, հակամարտության պատճառ դարձած խնդիրները մնում են, և 2017թ.-ի սկզբից արդեն հրադադարը կրկին ճեղքեր է տալիս:
Տարվա առաջին կեսին հրադադարի խախտման դեպքերը զգալիորեն ավելացել են շփման գծի երկայնքով, շարունակում է հեղինակը: Երկու կողմերն էլ օգտագործում են ինչպես հրազեն, այնպես էլ ծանր հրետանի՝ միմյանց դիրքերը պարբերաբար հարվածի տակ պահելու համար: Ըստ Haaretz-ի՝ Ադրբեջանն անգամ փորձել է հայկական դիրքերին հարված հասցնել անօդաչուից:
«Իրավիճակը գնալով վատթարանում է: Ամեն օր կրակոցներ կան, այդ թվում խոշոր տրամաչափի զինատեսակներից: Շփման գծի ամբողջ երկայնքով մեծ թվով դիպուկահարներ են տեղակայված, և եթե չհետևես անվտանգության կանոններին, կսպանվես,- ասում է ԼՂ պաշտպանության բանակի զինվոր Վարդանը:- Երկու տարի առաջ նրանք հրետանի չէին օգտագործում: Հիմա դա պարբերաբար կիրառվում է»:
Հրադադարի տապալմանը զուգահեռ գնալով հավանական է դառնում լայնածավալ պատերազմի վտանգը: Ադրբեջանը, որը թեև փոքր, բայց որոշակի տարածքային առավելություն է ստացել ռազմական ագրեսիայի հետևանքով, կարող է մտածել, որ ևս մեկ նման հարձակումը կարող է հաջող ընթացք ունենալ: Ավելին, դա կարող է շեղել ուշադրությունը նավթի գների նվազման պատճառով ծանր վիճակում հայտնված տնտեսական դրությունից: Մյուս կողմից, ԼՂՀ-ն կարող է փորձել հետ վերցնել կորցրած ռազմավարական բարձունքները, ինչը կարող է հանգեցնել հակամարտության սրացման:
Նման իրավիճակում միջազգային միջնորդները՝ Ռուսաստանը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները՝ ԵԱՀԿ-ն, պետք է կրկնապատկեն դիվանագիտական ջանքերը՝ հակամարտությունը լուծելու և հրադադար պարտադրելու համար: Առանց դրա տարածաշրջանը կարող է խրվել լայնածավալ պատերազմի մեջ, և կարող է կրկնվել 90-ակաների ողբերգությունը: Իհարկե, քանի դեռ ԱՄՆ-ը ինքնամեկուսացել է, ԵՄ-ը զբաղված է ներքին խնդիրներով, իսկ Ռուսաստանը՝ Սիրիայով և Ուկրաինայով, այդ դիվանագիտական ջանքերը, դժբախտաբար, երբեք չեն նյութականացվի, եզրափակում է Քրիքշանքը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ