Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում խոսել է ԵԱՀԿ ՄԽ արդեն նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարության, նոր համանախագահի նշանակման և Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին:
«Այն հայտարարությունները, որոնք մեջբերվել են, նոր չեն. դրանց վրա բազմիցս հղում են կատարել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ իրենց համատեղ հայտարարություններում»,- ասել է նա՝ նկատի ունենալով Արցախի հակամարտության լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ Հոգլանդի հայտարարությունը:
Ինչ վերաբերում է նոր համանախագահի նշանակմանը, Զախարովան հույս է հայտնել, որ թարմացված կազմով համանախագահները կշարունակեն իրենց ջանքերը և թիմային մոտեցումը, որը միշտ բնորոշ է եղել եռյակին, կպահպանվի:
ԱԳՆ խոսնակը նաև անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ հերթական մոնիթորինգի ժամանակ հրադադարի խախտման դեպքին՝ նշելով, որ «դրան պետք է գնահատական տան փորձագետները՝ ուսումնասիրելով հանգամանքները տեղում»:
«Ռուսաստանն իրավիճակի սրացման կամ այլ բարդացումների ժամանակ միշտ կոչ է անում կողմերին ցուցաբերել հավասարակշռված միտեցում, որի նպատակն է ոչ թե թեժացնել իրավիճակը, այլ հանգեցնել քաղաքական կարգավորման»,- ասել է նա:
Զախարովան նաև նշել է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ:
«Հենց որ այդ մասին տեղեկություն ունենանք, տեղյակ կպահենք»,- ասել է նա:
Մարիա Զախարովան չի պատասխանել ԼՂ-ն բանակցությունների սեղան վերադարձնելու հարցին՝ նշելով, որ այդ հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է:
https://www.youtube.com/watch?v=HfDjYWc1Db4
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ